«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանում

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հուսով է, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կգտնվի և կպահպանի կազմակերպության կենտրոնների ներկայությունը երկրում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ կգտնվի և կպահպանի «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնների ներկայությունը»,- ասել է Շևցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսաստանի տան աշխատանքը սառեցնելու հավանականություն կա՝ կապված երկրում Ռուսաստանի ազդեցությունը խափանելու փորձերի հետ։

Նա ավելացրել է, որ Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք շահագրգռված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ։ «Մենք չենք պատրաստվում հեռանալ այդ գործունեությունից։ Մենք հաջորդ տարվա զարգացման պլան ունենք։ Հուսով ենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեության վրա»,- նշել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բարձրամակարդակ շաբաթի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի ազդեցությունը երկրում։