ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

Կարևորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին և արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով և նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առևանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, և այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ և հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը և հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների և անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձևի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձևով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության և անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար և այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:

«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաև 907-րդ բանաձևին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաև նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաև տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք և հանդիպելու է բռնի տեղահանված անձանց հետ: