Բոլոր խոշտանգման դեպքերը տեսանկարահանվում են, ուստի շատ հեշտ է լինելու դրանց ապացուցումը, սթափվեք

Հարգելի ոստիկաններ, եթե ձեզ ասել են, որ ձեր գործողությունները օրինական են և դուք կարող եք անել ինչ ուզում եք` ծեծել մարդկանց, ականջ քաշել, մազերը քաշել և այլն, ապա ձեզ իրազեկեմ, որ դա ԽՈՇՏԱՆԳՈԻՄ է և քաղաքացիները կարող են ներկայացնել հաղորդումներ հանցագործության մասին։

Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Ավելին`

Դատարանը վերահաստատում է, որ 3-րդ հոդվածում սահմանվում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը։ Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝  «անկախ տուժածի վարքագծից» (տես, ի թիվս այլ վճիռների, Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000-IV): Ազատությունից զրկված կամ ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների հետ բախում ունեցած անձի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, եթե դա չի արվել վերջինիս սեփական պահվածքից առաջացած «խիստ անհրաժեշտության》 հանգամանքներում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և, ըստ էության, Կոնվենցիայի 3-րդ հոդվածում սահմանված իրավունքի խախտում է (տե´ս Բուիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], § 88 և 100, 2015 թվականի սեպտեմբերի 28)։

Նաև`

Դատարանը կրկին նշում է, որ երբ անհատը փաստարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ պետական այլ նման ծառայողների կողմից ցուցաբերվել է այնպիսի վերաբերմունք, որը խախտում է 3-րդ հոդվածը, այդ դրույթով, որը մեկնաբանվում է Կոնվենցիայի

1-ին հոդվածի համաձայն պետության հիմնական պարտականության մասին դրույթի հետ, որ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի … », անուղղակիորեն պահանջվում է իրականացնել պաշտոնական արդյունավետ քննություն: Այդ քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատժին: Եթե ոչ, ապա խոշտանգման և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած դրա սկզբունքային կարևորությանը, անարդյունավետ կլիներ գործնականում, և որոշ դեպքերում պետության ծառայողները կկարողանային ենթադրյալ անպատժելիությամբ չարաշահել իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց իրավունքները (տե՛ս Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]], թիվ 39630/09, 182-րդ պարբերություն, ՄԻԵԴ 2012)։

Բոլոր խոշտանգման դեպքերը տեսանկարահանվում են, ուստի շատ հեշտ է լինելու դրանց ապացուցումը, սթափվեք։

Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից