Կներես պապ, չկարողացա անգամ տան պատից կախված լուսանկարդ ինձ հետ վերցնել․ արցախցի կնոջ գրառումը

«Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի…,- գրել է Արցախի ՔԿ նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը։

– Կներես պապ, կներեք տղերք, Ձեր թափած արյան համար եմ մինչև վերջ մնացել Արցախում, կառուցել ու կառուցել՝ տներ, արժանապատվություն, պատիվ ու անուն, հիմա ոչ հող ունեմ, ոչ տուն, ոչ հայր, ոչ հայրենիք: Չգիտեմ ուր եմ գնում և որտեղ կմթնի օրս, բայց հայրենազրկման ճանապարհին հասկացա, թե ոնց է լինում իսկական որբը:

Հ.Գ. Կներես պապ, չկարողացա անգամ ճանապարհն անցնել ու գալ հայրենի ծննդավայր քեզ հրաժեշտ տալու, անգամ տան պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու:

Կյանքիս ամենասարսափելի լուսաբացը օտար ամայի ճամփեքի վրա…

Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր վերջին լուսանկարը կունենամ իմ տան պատուհանից, իսկ մյուս տանս չեմ էլ կարողանա հրաժեշտ տալ, որովհետև թուրքն է այդպես ուզում»: