Ոնց չենք խելագարվում, երբ օրեր հետո հարազատ փողոցները էլ մերը չեն լինի․ այս ցավը ոչնչի նման չէ․ ԳԱԼԱ-ի՝ Արցախի թղթակից

ԳԱԼԱ-ի՝ Արցախի թղթակից Արև Դանիելյանը գրել է.

«Երրորդ օրն է տանն ենք գիշերում: Տարօրինակ զգացողություն է, կարծես ոչինչ էլ չի եղել, երազ էր, անցավ գնաց: Մի տեսակ դատարկություն է մեր ներսում, բոլորիս` Արցախում ապրող ամեն մարդու:

Երրորդ օրն է ապրում ենք լաց ու ծիծաղ իրար խառնած, կողքի շենքում թաղման թափորն է, դիահերձարանի առաջ մեքենաների շարասյունը, պատերի տակ կքած մարդիկ, որոնք զոհվածների ցուցակներում հարազատին են փնտրում:

Տարօրինակ արարածներ ենք, զարմանալի է` ոնց ենք կարողանում այս իրականության մեջ ապրել, ոնց չենք խելագարվում, երբ օրեր հետո հարազատ փողոցները էլ մերը չեն լինի: Արցախն իմ սիրտն է, որ այսուհետ պիտի արնաքամ լինի:

Երրորդ օրն է, ինչ սովորական է դարձել սեփական տանը հյուրի կարգավիճակում ապրելը, այս ցավը ոչնչի նման չէ, այն երբեք չի անցնի…»: