Դե ինչ, աշխարհ, ահա Ադրբեջանը, որին դու աջակցեցիր՝ չնայած ցեղասպանության մասին նախազգուշացումներին. Լեմկինի ինստիտուտ

Արցախից ստացվում են երեխաների գլխատման և ավագ տղաներին ու տղամարդկանց կանանցից և երեխաներից բաժանելու պատմություններ։ Այս մասին նշվել է Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում, որը տեղադրվել է Х սոցցանցում։

«Մենք հուսով ենք, որ դա ճիշտ չէ, բայց հիմքեր ունենք կարծելու, որ այդպես է։ Ադրբեջանը մշտապես հայերի հետ վարվել է բարբարոսության այդ մակարդակով, հատկապես 2016, 2020 և 2022 թթ. պատերազմների ժամանակ։ Այդ երկիրը կառավարում են մարդիկ, որոնք չեն թաքցնում իրենց ներքին ատելությունը հայերի հանդեպ։

Նման գազանությունները տարածված էին նաև ցեղասպանության ժամանակ։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, օրինակ, երբ սերբական զորքերը զավթեցին Սրեբրենիցան 1995 թ. (ևս մեկ ցեղասպանություն, որին նպաստեցին Արևմուտքի տատանումները)։ Երեխաներին գլխատեցին, տղամարդկանց և ավագ տարիքի տղաներին առանձնացրին՝ հաշվեհարդար տեսնելու համար։  Զանգվածային բռնաբարություն։ Հանցագործներն արբած էին իշխանությամբ և ատելությամբ։

Դե ինչ, աշխարհ, ահա Ադրբեջանը, որին աջակցեցիր ու արդարացրիր՝ չնայած ցեղասպանության գծով փորձագետների և ցեղասպանության կանխման հարցերով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Մենք հասկանում ենք՝ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, Իրանի թշնամին, ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, բայց արդյոք այս ամենն իսկապես արժեր այն բանին, որպեսզի ձեր հոգին վաճառեիք և դավաճանեիք մի ամբողջ ժողովրդի։ Իհարկե ոչ։ Եվ այնուամենայնիվ,  մենք այստեղ ենք։

Եկեք երբեք չմոռանանք համաշխարհային առաջնորդների ագահությունը, վախկոտությունը և (որոշ դեպքերում) չարությունը, որոնք 2020 թվականից ձևացնում են, թե Ադրբեջանը մի ինչ-որ այլ բան է՝ ահաբեկչական պետությունից բացի, որը ցեղասպանություն է կատարում։

Եկեք երբեք չմոռանանք ցեղասպանությանն այդ հանցակցության մասին»,- նշվել է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։