Աշխարհը պետք է 2023 թ․ Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո Օկամպո

2021 թվականին նախագահ Բայդենը ճանաչեց 1915 թվականին Անատոլիայի իրենց հողերից՝ ներկայիս Թուրքիայի տարածքում, հայերի վտարումը որպես ցեղասպանություն։ Միացյալ Նահանգները լռել է այս հարցում ավելի քան մեկ դար, և այդ լռությունն ունեցել է սարսափելի հետևանքներ, գրում է ՄՔԴ-ի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Washington Post-ի համար գրված հոդվածում:

«Այսօր հայերին պետք են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Բայդենը, որպեսզի դադարեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ վերաճում է ավելի դաժան փուլի։

Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հայաշատ անկլավի սահմանի երկայնքով ամիսներ տևած շրջափակումից և ռազմական կուտակումներից հետո ադրբեջանական զինուժը հարձակման  անցավ։ Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն հաղթահարեցին տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Շուտով հայտարարվեց անկայուն զինադադար։

Ռմբակոծությունը դադարեցնելու դիմաց Ադրբեջանը պահանջել է հանձնել Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությունը և զինաթափել Ղարաբաղի իշխանությունների բոլոր զինված ուժերը։

Քանի որ Ադրբեջանի հաղթանակը գնալով ավելի պարզ էր դառնում, Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ խաղաղ հայ բնակիչներ հավաքվել էին օդանավակայանում՝ ցանկանալով փախչել իրենց նախնիների հողերից:

Նրանք բոլոր իրավունքներն ունեն վախենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետագա քայլերից։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ միակ կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը, լսելով երկու

կողմերի փաստարկները, որոշեց, որ շրջափակումը «իրական և անմիջական սպառնալիք» է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «առողջության և կյանքի» համար։

Շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր որոշումը կատարելու փոխարեն, ադրբեջանական անվտանգության ուժերը հունիսին կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ ամբողջությամբ փակելով անկլավը, թույլ չտալով անգամ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխումը: Դրանից հետո Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարել դատարանի որոշումը։ Նա ճիշտ հասկացավ, որ Ադրբեջանն իր գործողությունների համար միջազգային հանրությունից լուրջ վնասներ չի կրի։

Ադրբեջանի դիմակայությունը չարագուշակ է։

Միջազգային իրավունքում 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիան բացատրում է, որ հանցագործություն կատարելու ուղիներից մեկը «մարդկանց խմբին համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հաշվարկված է նրանց ֆիզիկական ոչնչացման համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն» (Հոդված II գ): Փակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածեց 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի։ Այս շաբաթվա ռազմական միջամտությունը գրանցամատյանում ավելացրել է սպանությունը (հոդված II ա) և ծանր մարմնական և հոգեկան վնաս պատճառելը (հոդված II բ):