Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում կայացվեց  Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնել հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։

Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։