Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք

Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման ենթարկելու փաստը գնահատում ենք որպես Հայաստանի տապալված ժողովրդավարության վերջնական ապացույց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Երևանի ավագանու ընտրություններում ժողովրդի զգալի մասի քվեն ստացած և զանգվածային բողոքի գործողությունների հիմնական առաջնորդի ընկալում ունեցող Անդրանիկ Թևանյանին ապօրինի զրկելը ակտիվ գործողությունների հնարավորությունից ժողովրդի արդար ցասումը բռնությամբ լռեցնելու ակտ է, որը բորբոքելու է դժգոհությունների ալիքը։

Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում ապօրինի վարչախմբին սպասարկող ոստիկանական ուժերը բերման են ենթարկել առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ միաժամանակ չհիմնավորված ու անհամաչափ բռնություն գործադրելով բողոքի ակցիայի այլ մասնակիցների հանդեպ։

Վարչախմբի միակ հենարանը մնացած ռեպրեսիվ մեքենան և դրա բացահայտ վայրագ, անօրինական գործողությունները չեն սահմանափակելու բողոքի համաժողովրդական բողոքի ալիքը։ Կոմիտեի անունից Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը ուժի և ընթացքի մեջ է։ Պայքարը շարունակվում է առանց օրակարգից շեղվելու և նոր թափով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին՝ նրան տեղափոխելով ոստիկանության Էրեբունի բաժին:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Բուզանդ փողոցում։

Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։