ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում և կատարել 2020 թվականի պայմանավորվածությունները, ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում», – նշել է Դյուժարիկը:

Նա ասել է, որ գլխավոր քարտուղարը «խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել և խստորեն պահպանել հրադադարը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

Նա շարունակում է մտահոգված լինել տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավորներին մարդասիրական բովանդակալից հասանելիությունը: Գուտերեշը նաև կողմերին կոչ է անում վերակենտրոնացնել  վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերը: