ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-17-19

Սկիզբը՝ այստեղ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը շարունակում է ծանոթացնել Ս Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին։

Վեհափառ Հայրապետը Կենաց Խաչով և Ս. Գեղարդով Սրբալույս Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորջի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական ամենամեծ սրբությունն է: Որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև դրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը: Այս բազկի և մատների տեսք ունեցող պատյանում ամփոփված են Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները:

Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին և դժբախտություններին, պատուհասներին և վերելքներին` մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին: Այս Աջի հետ հայ մարդու կապվածությունը դիպուկ բնորոշել է Առաքել Դավրիժեցին. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»:

Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գր. Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ ազգային-եկեղեցական տոների և իրադարձությունների ժամանակ, երբ հայ հավատացյալներին հնարավորություն է տրվում` համբուրելու այն, և օրհնություն ստանալու առաքելաշավիղ Ս. Գր. Լուսավորիչ Հայրապետի նշխարներից։

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-18

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր: 1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում ժամանակի Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը: Եգիպտոսում համաճարակ է սկսում, որը շատերի կյանքն է խլում:

Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Բայց իրականում Աջը վերադարձվում է Հեթում թագավորի ջանքերով, որը բառացիորեն գնում է այն եգիպտացիներից: 1439 թ. Սսի կաթողիկոսարանից անհետանում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած դժբախտությունները բացատրում են հենց Աջի անհայտացմամբ, որը էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին:

Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. հետո պարսից Շահ Աբբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.՝ այլևս չլքելով Ս. Էջմիածինը։

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-19

Ս. Գր. Լուսավորչի Աջի շուրջ զանազան պատմություններ են ստեղծվել` մեկ անգամ ևս ընդգծելով այս սրբության կարևորությունը Հայոց Եկեղեցու համար: Այսպես` Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434-1464) մեծ փափագ ուներ` դառնալու Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1461 թ. վերջինս, ունենալով Կարա-Կոյունլու Ջհանշահի աջակցությունը, Ս. Էջմիածնից վերցնում է Աջը և հասցնում Աղթամար: Ճանապարհին տեսնելով Ս. Աջը` ժողովուրդը ցնծությամբ էր ընդունում Ս. Գրիգորի մասունքն ու Զաքարիային:

Ըստ Առաքել Դավրիժեցու` ժամանակի կաթողիկոսը կարգադրում է Վրթանես եպս. Օծոփեցուն ամեն գնով Աջը Ս. Էջմիածին վերադարձնել: 1470 թ. այս Վրթանեսն օտար երկիր է գնում, անունը փոխում, իրեն կաղ ձևացնում և Աղթամար գնում: Երկար չարչարվելուց հետո նրան հաջողվում է դառնալ Աղթամարի Ս. Խաչ վանքի լուսարար և սրբությունների պահապան շուրջ 7 տարի: Մեկ օր վանք են այցելում ջուղայեցի առևտրականներ: Ճանաչելով նրանցից մեկին` Վրթանեսը թաքուն կտրում է նրա ավանակի փալանը, համետի մեջ դնում Լուսավորչի Աջը, խաչվառը եւ ուրարը, ապա կրկին կարում: Նա ավանակի տիրոջը տեղեկացնում է ամեն ինչի մասին` պատվիրելով հնարավորինս շուտ սրբությունները Ջուղա հասցնել: Շատ չանցած` Վրթանեսն էլ անհետանում է և ուղևորվում սրբությունների հետևից:

Ժամանակի Հայրապետը ժողովրդի ուղեկցությամբ սրբությունները դիմավորում են Նախիջևան քաղաքում: Վրթանես եպիսկոպոսն այս սխրանքի համար բազում պարգևների է արժանանում, նրան են հանձնվում նաև Աջին տրված նվերներն ու պարգևները: Էջմիածնի ժողովը Վրթանեսին ցմահ նշանակում է կաթողիկոսական տեղապահ: Վերջինս մահանում է 1493 թ. Օծոփի վանքում: Ասում են, որ հետագա Հայրապետներն ամեն տարի գնում էին Օծոփի վանք, Ս. Պատարագ մատուցում Վրթանես սրբազանի հոգու հանգստյան համար և ողորմություն տալիս աղքատներին:

Շարունակելի