Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք. այնտեղ է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։

Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը: Արդյոք Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենան, կողմերը չեն հստակեցրել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ Միացյալ Նահանգներում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում։