Տիգրան Ավինյանը մոռացել է, որ 33-րդ թաղամասի բնակիչների հետ դատական հայց էր ներկայացրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերը Ֆիրդուսի թաղամասի սեփականատերեր Դավիթ Սաֆարյանը և Արա Շահումյանն են։

Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասը վաղուց գերակա հանրային շահ է ճանաչվել, սակայն երկար տարիներ այդ տարածքը չի իրացվել կառուցապատման նպատակով։ Ըստ բանախոսների՝ օրենքը պահանջում է՝ եթե 7 տարի հետո գերակա հանրային շահ ճանաչված տարածքը այդ նպատակով չի օգտագործվում, ապա որոշումը դադարում է գործել։ Սակայն հաղորդման հյուրերի հավաստիացմամբ՝ յոթ տարի հետո կառավարությունը երկու անգամ երկարացրել է որոշման ուժը, մինչև որ 2018 թվականից հետո կառուցապատողը այդ տարածքում կառուցապատում է սկսել։ Սակայն դա էլ իրականացվում է սեփականատերերի իրավունքների տարատեսակ խախտումներով։ Նախ՝ շուկայականում գործող գնից բավականին ցածր է գնահատվել նրանց սեփականությունը՝ առանց համապատասխան ուսումնասիրություններ կատարելու։ Ըստ Արա Շահումյանի՝ այդ գործընթացում պետական կառույցը համագործակցել է կառուցապատողի հետ և միասին խախտել են սեփականատիրոջ իրավունքը՝ կոռուպցիոն մեխանիզմներ գործի դնելով։ Եվ միայն իրենց համառ բողոքներից հետո գնահատող կառույցը աշխատանքից ազատել է գնահատում իրականացրած մասնագետին՝ փոխարենը նրա եղբորը նշանակելով նույն աշխատանքին։

Արա Շահումյանը նաև հավելեց, որ 33-րդ թաղամասում կան պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներ, որոնք նախկինում պայմանավորվածություն է եղել պահպանել իբրև թանգարաններ։ Օրինակ՝ Հաղթանակ Շահումյանի, Բենիկ Պետրոսյանի տները։ Սակայն այս կառավարությունը կառուցապատողին արտոնել է այդ տները քանդել և փոխարենը կառուցապատում իրականացնել։

Հաղորդման հյուրերը տեղեկացրին նաև, որ ժամանակին, երբ 33-րդ թաղամասի բնակիչները դատական հայց են ներկայացրել այդ թաղամասում գերակա հանրային շահի մասին որոշման օրինականության դեմ, հայցադիմումը ստորագրողների թվում եղել է նաև այսօր քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը ևս այդ թաղամասի սեփականատեր է եղել։ Սակայն իշխանության գալուց հետո Տիգրան Ավինյանը մոռացել է թաղամասի բնակիչների ու սեփականատերերի խնդիրների մասին և այսօր չի աջակցում նրանց։

Մանրամասները դիտեք տեսանյութում