Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է, տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։

«Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։

Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։