Ժամեր անց բոլորը կհասկանան, թե ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը. Հայկ Մամիջանյան

Սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեկնաբանելով 1-2 օրերի ընթացքում Արցախի շուրջ ծավալվող իրավիճակը՝ ասաց․ «Ֆիքսենք, որ շատ քննարկվեց այն, որ գործող իշխանություններից որևէ մեկը չի շնորհավորել նախագահ Շահրամանյանին, կարծում եմ՝ սա լավագույնս արդեն ակնհայտ ցույց է տալիս իրենց վերաբերմունքը Արցախի լեգիտիմ ընտրված ինստիտուտներին: Ես կուզեի հղում անել 1-2 օրերի ընթացքում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես նախագահ Շահրամանյանի ընտրության հետ կապված միջազգային արձագանքին: Արձանագրենք, որ աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ որևէ բացասական արձագանք Շահրամանյանի ընտրությանը չի արել: Հետևություն, որ ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, ապա Արցախն ունի հզոր դաշնակիցներ, և դա տեսանելի է թե հրապարակային, և թե ոչ հրապարակային հայտարարությունների հետ կապված: Կոչ եմ անում որոշ ժամանակ սպասել, խոսքը ժամերի մասին է, և վստահեցնում եմ, որ բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը»,- նշեց պատգամավորը:

Մամիջանյանի խոսքով՝ պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է. «Արցախում իրավիճակը կյանքի ու մահվան ժամերի հարց էր թե՛ պարենի, և թե՛ մնացած այլ: Որոշումները և գործընթացները անհրաժեշտ է գնահատել փաթեթային և ամբողջական, վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք հնարավորություն կունենանք հասկանալու ամբողջական թե այս գործընթացն ինչի էր միտված: Ավելի շատ հայրենասեր, քան այն մարդիկ, ովքեր 9 ամիս շարունակ սովի և վերահաս վտանգի պայմաններում պաշտպանում են իրենց և մեր հայրենիքում ապրելու իրավունքը, իրենցից ավելի հայրենասեր մենք հաստատ չենք»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն խոսքին, թե ափսոսանք է հայտնում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից, ինչպես նաև այն մասին, թե Արցախում իրադրությունն այնպիսին է, որ Արցախի նոր նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ, Մամիջանյանն արձագանքեց.

«Նորմալ է, որ նա ափսոսանք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ, սովորաբար հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում, դա ակնհայտ է, այդպես էլ պիտի լիներ: Նրա ընտրությամբ Հայաստանի իշխանությունը ոգևորված կլինի, երբ ադրբեջանական կամ թուրքական բանակը տեսնի Երևանի մատույցներում: Արցախը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի: Այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյության՝ չունի: Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, եթե Փաշինյանը անմտություն անի, նաև արյամբ: Ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»: