2020-ին ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, բայց պատերազմ սկսվեց. Փաշինյան

Հռոմի ստատուտի վավերացումը կապ չունի հայ–ռուսական հարաբերությունների հետ, այլ միայն սահմանային լարվածության հետ կապ ունի: Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հռոմի ստատուտի վավերականացման գործընթացը մեկնարկել է 2022թ․ դեկտեմբերին, բայց, ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում։

Նա ասաց, որ այդ գործընթացն ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ սահմանային լարվածության իրադրության․ «Մենք չենք կարող մեր հարաբերությունները սառեցնել մյուս գործընկերների հետ»։

«2020-ին ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմ։ ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները»,- հավելեց նա։

Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնում:

«Մենք ուզում ենք, որ մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի մայիսի դեպքերը միջազգային քրեկան դատարանում քննելու առիթ դառնա: Եվ սա մի գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանին, այն պայմաններում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները: Մեր պարտականությունն է ձեռնարկել լրացուցիչ անվտանգության գործոններ: Մենք աշխատում ենք, որ ՌԴ-ում ճիշտ ընկալումներ ձևավորենք, միջազգային գործիքներ ձեռք բերենք»,- ասաց նա: