Նոր լայնամասշտաբ պատերազմը ձեռնտու է և՛ Ալիևին, և՛ Փաշինյանին, որը պատերազմը պատրվակ դարձրած` Ադրբեջանին կտա խոստացածը

Վերլուծելով Փաշինյանի ու նրա թիմի 4 տարիների քաղաքականությունը, համոզվում ես`Հայաստանում չկա ոլորտ, որ քպ-ն տակնուվրա արած չլինի: Մշակույթից կրթություն ու մինչև անվտանգային համակարգ` ամենուր ճգնաժամ է: Փաշինյանի կառավարությունը ոլորտ առ ոլորտ կազմաքանդում է պետությունը:

Հայտնի խոսք կա, եթե ուզում ես պետությունը քանդել, ապա կարևոր ոլորտների կառավարումը հանձնիր անգրագետներին, ապիկարներին և «արդյունքը» չի ուշանա: Այս իրավիճակում է այսօր Հայաստանը: Իշխանությունը զավթած խմբակը Հայաստանը մտածված ոչնչացնում է, քայլ առ քայլ` համաձայն մշակված ճանապարհային քարտեզի:

«Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան». Փաշինյանի խոսքերն են` ասված Գյումրիում: Իր խոսքերի ենթատեքստում նա հայ ժողովրդին պարզ ասում է` կարող է և պետություն չունենաս: Նույն մեսիջը Փաշինյանն ուղղեց նաև թշնամուն: Ի դեպ, նոր բան չէ, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնողն իր տարբեր ելույթներով ուղղակիորեն մեսիջներ է ուղղում Ադրբեջանին, Թուրքիային, ինչն արել է թե’ մինչ պատերազմը, թե’ անգամ պատերազմի ժամանակ, երբ մեր պարենային անվտանգության, սահմանների անվտանգության մասին իր հրապարակումներով ու ելույթներով տեղեկատվություն էր տալիս թշնամուն, հանրայնացնում մեր անվտանգային համակարգի խոցելի տեղերը, դրանով մեզ դարձնում խոցելի: Եվ դա արվում էր հենց պատերազմի ժամանակ:

***

Ասում են հայ ժողվուրդը կարճ հիշողություն ունի, չնայած համոզված եմ, որ դա բնորոշ է բոլոր ժողովուրդներին: Հետևաբար, ներկայիս իրողությունները ճշգրիտ գնահատելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ վերհիշել, թե ինչ կատարվեց մեզ հետ 2018-ին, երբ ադրբեջանաթուրքական գումարներով զավթվեց Հայոց պետության ղեկը, ու ինչ է շարունակում կատարվել մեզ հետ, երբ դեռ Հայոց ղեկին է դրսից ուղղորդվող խմբակը:

Այսպես. գալով իշխանության՝ սրանք սկսեցին կազմաքանդել մեր արժեհամակարգը, աղավաղել ժողովրդի բարոյական նկարագիրը: Իզուր չէ, որ դա սկսեցին Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներով: Նիկոլի վկաներն անգամ Վեհարանն էին գրավել ու մեր սրբատեղին վերածել գինարբուքի սրահի: Բառի բուն իմաստով` հարձակվում էին Հայոց Վեհափառի ու հոգևորականների վրա` փորձում նրանց ֆիզիկապես վնասել: Իսկ ոստիկանությանը «վերևից» հրահանգված էր` չպաշտպանել հոգևորականներին: Ստիպված` հավատացյալ ժողովուրդն ինքը ստանձնեց իր եկեղեցու պաշտպանությունը. խմբերով գնում, շրջապատում էին Մայր Տաճարը, նաև այլ եկեղեցիներ, որպեսզի թույլ չտային նիկոլական զոմբիներին մոտենալ մեր եկեղեցուն ու հոգևորականներին:

Արժեքների դեմ կատաղի պայքարը շարունակվում է առ այսօր. վարչապետ կոչեցյալը հիմա էլ հարձակումներ է գործում հայ ժողովրդի նվիրական խորհրդանիշների վրա՝ Արարատ լեռ, զինանշան, օրհներգ, «Նեմեսիսի» արձան… Վերջերս հերթը հասավ նաև Անկախության Հռչակագրին: Փաշինյան Նիկոլը հանդգնեց կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը: Փաստաթուղթը նրան հանգիստ չի տալիս, որովհետև նրանում ամրագրված է Արցախի ինքնորոշման գաղափարը, ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը, ու Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստն է արձանագրված: Նա մերժում է Հայաստանի անկախացման փաստաթուղթը, և չկարծեք, թե դա անում է չգիտակցված: Ամենևին: Փաշինյանն ամեն ինչ, ու նաև Հռչակագրի մերժումը իրականացնում է արտաքին ուժերի պահանջով: Ի վերջո պետք է գիտակցենք, որ ՔՊ-ն արտաքին թշնամական ուժերին սպասարկող մարդկանց խմբակ է:

***

2018-ին` սրանց իշխանության գալով, սկսվեցին քաղաքական ձերբակալությունները: Գաղափարական հակառակորդներին կալանավորելով մահվան հասցնելը` դարձավ Փաշինյանի իշխանության գործելաոճը: Փաշինյանական խունտայի զոհերը դարձան ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, լրագրող Մհեր Եղիազարյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Քաղաքական կալանավորումների շղթան շարունակվում է առ այսօր: Արդեն մի քանի ամիս է շինծու քր. գործերով կալանավորված են ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ կեղծ քրեական գործեր են սարքվում ու կալանավորում են զոհված հերոսների ծնողներին: Նախօրեին հերթական շինծու մեղադրանքով կալանավորվեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: «Նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ն արատավորելն ու նրանց կողմից իրականացվող արդարացի պայքարը նսեմացնելը»,-ասել էր Գալեյանի փաստաբանը:

Ամենևին պատահական չէր նաև 2018-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը: Այն` քպ-ի հակառուսական քաղաքականության մասին փաստող առաջին քայլն էր: Իսկ հետո իրենց քայլերով սրանք ապացուցեցին, որ եկել են ՌԴ- ՀՀ հարաբերություններում լարվածություն ստեղծելու, Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս բերելու, ապա և ՌԴ-ն տարածաշրջանից հեռացնելու հստակ նպատակադրմամբ:

Օրերս Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցով հատեց բոլոր «կարմիր գծերը». նա ի լուր արևմտյան իր տերերի, առատորեն մեղադրանքներ հնչեցրեց ՌԴ-ի, ռուս խաղաղապահների, ՀԱՊԿ-ի հասցեին: Հայտարարեց, թե իբր հայ հասարակությունը հիասթափված է ՀԱՊԿ-ից: Իր անհանգստությունն արտահայտեց այն մասին, թե Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը «99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ» և որ դա «կարող է մեզ հասցնել անկախության կորստի»: Ռազմական փորձագետները նկատում են` ՀՀ անվտանգային ճարտարապետությունն ամբողջությամբ Ռուսաստանի հետ կապելը Նիկոլի ցինիզմի հերթական դրսևորումն է: ՀՀ-ի անվտանգային ճարտարապետությունն առաջին հերթին պայմանավորված է եղել Հայկական մարտունակ բանակով, հետևաբար, նման շեշտադրմամբ Փաշինյանը փորձում զրոյացնել հայկական բանակի դերը, արժեզրկել նրա մարտունակ անցյալը:

Հիշենք` 2020-ի հուլիսյան դեպքերի ժամանակ Փաշինյան Նիկոլը հպարտությամբ ասում էր` Հայկական բանակը մարտունակ է ու մեդալներ էր շռայլում: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո դառնալով Ալիևի պահանջների կատարածու` սկսեց կազմաքանդել Հայկական բանակը, ու այն շարունակվում է առ այսօր:

Ի՞նչ է ստացվում` մի կողմից Հայկական բանակն է կազմաքանդում, մյուս կողմից մեր ռազմավարական դաշնակցին` ՌԴ-ին թշնամի համարում, և փաստորեն ուղղակիորեն քանդում է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը: Փաշինյանի հակառուսական հայտարարությունների վրա ջուր լցրին ԱԺ նախագահն ու նրա տեղակալը` Սիմոնյան Ալենն ու Ռուբինյան Ռուբենը: ՔՊ-ականները ոչնչացնում են հարյուրամյակներով ձևավորված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, փորձելով այն տեղափոխել թշնամական լարված հարաբերությունների դաշտ: Հայկական շահերի հաշվին նրանք փորձում են գոհացնել Արևմուտքին:

Ո՞րն է այս մարդկանց նպատակը. երբ Հայաստանը կանգնած է նոր պետերազմի լրջագույն վտանգի առաջ, երբ մեր երկիրը հյուսիսից հարավ` սահմանագծի ողջ երկայնքով, շրջապատված է ադրբեջանական, թուրքական զորքերով, երբ Ադրբեջանը զորքեր է կուտակել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով` չթաքցնելով իր ցեղասպանական նպատակները, ՀՀ իշխանությունը ամեն կերպ ջանում է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Սրանք գնում են քայլերի, որոնք ակնհայտորեն առաջ են բերում ռուսական կողմի դժգոհությանը: Ինչի՞ վրա է հիմնված սրանց հաշվարկը:

Փաշինյանն այսօր մեկ նպատակ ունի՝ դա սեփական անձի ու սեփական իշխանության պահպանումն է, ինչի համար նա պատրաստ է ամեն կերպ իրականություն դարձնել Ադրբեջանին, Թուրքիային, Արևմուտքին տված իր խոստումները` ա) ստորագրել «խաղաղության պայմանագիրը», դրանով Արցախի հանձնումը Ադրբեջանին ամրագրել փաստաթղթով, բ) հանձնել Հայաստանի 8 անկլավները, գ) իրականացնել հավաքական Արևմուտքին տված խոստումը` ռուսների հեռացումը Հարվային Կովկասից:

Իսկ նրա այս խոստումները հեշտությամբ կդառնան իրականություն, եթե տեղի ունենա նոր պայմանավորված պատերազմ` պարտության ելքով: Ու այս առումով` Փաշինյան–Ալիև-Արևմուտք սցենարը հետևյալն է. Ադրբեջանը իրականացնում է զորքերի կուտակում հայ-ադրբեջանական սահմանին, ինչն արդեն իրականություն է, հետո տեղի է ունենում հայ-ադրբեջանական առճակատում, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը որոշակի առաջխաղացում է գրանցում, ու այդ պահին մեջտեղ է գալիս «հաշտարար» Արևմուտքը` սպիտակ ձեռնոցներով ու կանգնեցնում պատերազմը: Որից հետո, փաշինյանենք կհայտարարեն` տեսա՞ք, որ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն չօգնեց մեզ, ոչինչ չարեց, միայն Արևմուտքին հաջողվեց կանգնեցնել պատերազմը: Հետո պայմանավորված պատերազմում մեր հերթական պարտությունը կգցեն ռուսների գրպանը ու կհայտարարեն` ՌԴ-ն իր ռազմական ներկայությամբ պետք է հեռանա Հայաստանից, Արցախից: Եվ այս ստոր, դավադիր պլանը կիրականացնեն հայ զինվորի կյանքի ու մեր հայրենիքի տարածքների կորստով:

Այսպիսով, ադրբեջանաթուրքական տանդեմի և Արևմուտքի հուշումով հրահրվող նոր լայնամասշտաբ պատերազմը ձեռնտու է լինելու և՛ Ալիևին, որը հնարավորություն կստանա ուժի սպառնալիքով ձեռք գցել մաքսիմումը, և՛ Փաշինյանին, ով պատերազմը պատրվակ դարձրած՝ Արևմուտքին ու Ադրբեջանին կտա խոստացածը` Արցախն ու ՀՀ տարածքները, իսկ հայ ժողովրդին կասի` դե պատերազմ եղավ` պարտվեցինք, կռվեիք` հաղթեիք:

Փաշինյանը կազմաքանդում է այն պետությունը, որի ղեկավարն է ինքը. սա աշխարհում չլսված, չտեսնված երևույթ է: Նա, ով ՄԱԿ-ի ամբիոնց հորդորում էր մեր թշնամուն` Ալիևին ցույց տալ այն քարտեզը, որ նա ճանաչում է որպես Հայաստան, պատահական չէր: Նա պատրաստվում է հայ ժողովրդի առաջ դնել թուրքական վաղեմի երազանքը` Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը Հայաստանի կողմից, ու հասնել Հայաստանի քարտեզի վերաձևման` պանթուրքիստական ցանկությունների շրջանակում:

Արմինե Սիմոնյան

Հ.Գ. Երիցս ճշմարիտ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկու տարի շարունակ տարբեր հարցազրույցներում շեշտում է բանակցողի փոփոխության անհրաժեշտության մասին. «Չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Պետք է փոխվի բանակցողը: Չի՛ կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ»: