Կրկեսային շոու՝ Վարդանյան եղբայրների մասնակցությամբ

Կրկեսային մարմնամարզության հանրահայտ վարպետներ Վարդանյան եղբայրները հայրենիքում են: Նրանց ներկայացումները Երևանում մեկնարկել են սեպտեմբերի 2-ին։ «Քանի որ մինչ օրս մենք հանդես ենք եկել միայն միջազգային հարթակներում, մեր հայրենակիցները մեզ հիմնականում տեսել էին հեռուստացույցով կամ համացանցում։ Այժմ ուզում ենք շփվել ու զգալ մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունը»,– ասում է Գևորգը։ Վարդանյան եղբայրների հետ արենայում են նաև համաշխարհային կրկեսի այլ աստղեր՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ և աճպարար։ Ծրագիրը ոչ միայն երեխաների համար է հետաքրքիր, այլև մեծահասակների ուշադրությանն է արժանացել։ Ակրոբատ եղբայրները ստեղծել են բոլոր հարմարավետ պայմանները, որ հանդիսատեսը լիովին վայելի այս յուրօրինակ կրկեսը։ Երևանում հանրահայտ եղբայրների չորրորդ ներկայացումն էր, որին անձամբ եղբայրների կողմից մեծ սիրով և հարգանքով հրավիրված էին 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ընտանիքի անդամներ, Արցախից Երևան տեղահանված ընտանիքների երեխաներ և սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների անդամներ: Երեք ներկայացումների ընթացքում ավելի քան 400 հրավիրված հանդիսատես անվճար հնարավորություն է ունեցել հիանալ նմանը չունեցող աննախադեպ կրկեսային համարներով։ Այս քայլով եղբայրները մեկ անգամ ևս փաստում են, որ մշտապես կանգնած են իրենց հայրենիքի նվիրյալ զավակների կողքին։ Նրանց խոսքով, մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ և կիրակի նրանք ելույթ են ունենալու հայ հանդիսատեսի առջև։ Ինչպես հավաստում են եղբայրները, առաջիկա 2-3 տարիների բոլոր պայմանագրերը նրանք խզել են և ժամանել Հայաստան։ Չի բացառվում, որ «Շապիտո» կրկեսի հաջողության դեպքում նրանք այստեղ մշտական կրկես կհիմնեն։ Գևորգն ու Անդրանիկը վստահ են, որ կկարողանան բարձրացնել Հայաստանում կրկեսային արվեստի մակարդակը։ Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին և 17-ին՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։