«Մայր Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեց «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ-ի հետ

«Մայր Հայաստան» դաշինքն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համագործակցության հուշագիր ստորագրեց «Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ-ի հետ:

Միջոցառման ժամանակ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ասաց. «Մենք Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն: Մենք շատ կարևորում ենք հանրության տարբեր շերտերի ընդգրկվածությունն այս ընտրական գործընթացում, քանի որ մեր ծրագրի համաձայն, իշխանափոխությունը Երևանում կարող է մեկնարկ դառնալ ամբողջ երկրում իշխանափոխությանը, որը կձևավորի նոր կառավարություն, այնուհետև մեկ տարվա ընթացքում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:

Այստեղ կան տեղահանվածներ, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել են այդ կարգավիճակում: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց պատերազմի 2020-ին, ունեցանք ծանր կորուստներ, անվտանգության լրջագույն սպառնալիքներ:  Հիմա մենք տեսնում ենք նույնը, Հայաստանի ու Արցախի գլխին նոր պատերազմ է բերում Նիկոլ Փաշինյանը, մեզ զրկում է մեր բնական ու ռազմավարական դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերություններից: Դրանք հիմա դիվանագիտական մակարդակում թշնամանքի են վերածվում, որն անընդունելի է»:

Նա հավելեց, որ այս ընտրություններում կարևորում են հուժկու հարված հասցնելը այդ քաղաքականությանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն վստահությունը, որ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ հայտնում են «Մայր Հայաստանին», արդարացնենք և միասնական ջանքերով հասնենք փոփոխությունների: Ես համոզված եմ, որ այս իշխանությունները որևէ շանս չունեն առանց կեղծիքների վերարտադրվելու: Այդ ընտրակեղծիքների դեմն առնելու կարևորագույն միջոցը  մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է ընտրություններին:  Ես կասկած չունեմ, որ ակտիվ պայքարի դեպքում մենք իշխանափոխության հասնելու ենք: Վստահ եմ մեր հաջողության վրա»,-ընդգծեց Թևանյանը: