Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան. Զախարովան՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարուհիներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի ակնարկի, որում նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամալիքում։

«Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի»։

«Մի նեղացեք, այդ մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար և սիրող»,- ամփոփել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով Սիմոնյանի քննադատությունը Լաչինի միջանցքի և ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, նշել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները վերջին ժամանակներս «բռիության մակարդակի» հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Ի պատասխան՝ ԶԼՄում հայտնվել էր Սիմոնյանի ակնարկը, որում նա ասել էր, որ չի արձագանքի «ինչոր քարտուղարուհու»։