Դուբայ-Երևան չվերթով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ. ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողները ՀՀ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Վերջինս  ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում հայտնաբերվել են 655 գրամ ադամանդանման քարեր` դասավորված պոլիէթիլենային 10 տարբեր փաթեթում` յուրաքանչյուրի վրա կարատի և հատի նշագրմամբ: Հսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև «Pierre Cardin» ապրանքատեսակի 20 կգ կանացի և տղամարդու հագուստ`  կոշկեղեն, շապիկներ, պայուսակներ, սպորտային կոստյում և գուլպաներ։

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով և վարչական վարույթի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ապահովելու համար: