Փաշինյանն այսօր Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմարավետ ղեկավարն է․ Զատուլին

Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք է դրսևորում, նման կարծիք են հայտնել ՌԴ Պետդումայում․

Հայաստանի վարչապետը ավելի հանդուգն հայտարարություններ է անում Ռուսաստանի հասցեին․ այդ մասին նշել է ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը․

Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ընթացքում Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավական վարկաբեկված է, որ իրեն անխղճորեն մեղադրում են անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը հաջողելու դեպքում Հայաստանը կբերի սովորական մերձավորարևելյան մի երկրի վիճակի, որտեղ «առքուվաճառքը» գլխավոր տեղում կլինի, որտեղ չի լինի ոչ մի էական ազգային շահ, բացի անձնական հաջողությունից: Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, որոնք բացահայտորեն համատեղ բիզնեսի մեջ են թուրքերի, ադրբեջանցիների հետ, ինչը նախկինում կտրականապես անհնար կլիներ անել,- ասել է պատգամավորը։

Զատուլինը հավելել է, որ վարչապետ Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմարավետ ղեկավարն է․ «Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը նվաստացուցիչ պարտություն կրեց»,- ընդգծել է Զատուլինը։ Փաշինյանը, ըստ Պետդումայի պատգամավորի , ակնկալիքներ ունի, որ իր՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշումը, բրյուսելյան, վաշինգտոնյան բանակցությունները, այցերը՝ արևմտյան մայրաքաղաքներ Արևմուտքի մոտ տպավորություն կթողնեն, որ Փաշինյանը այն մարդն է, ով ունակ է Ռուսաստանին վաղ թե ուշ դուրս մղել Հայաստանից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ՝ La Repubblica-ին տված հարցազրույցում սխալ էր համարել անվտանգության ոլորտում ՌԴ-ից Հայաստանի լիակատար կախվածությունը: