Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Գրում է Mehr Newsը:

«Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու ու Կովկասում խաղաղության և համագործակցության շրջանն առաջ շարժվելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,– ասել է նա։

Աբդոլահիանը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան– Թուրքիա–Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չմիավորման շարժման ֆորումի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպմանը վստահեցրել էր, որ Բաքուն թույլ չի տա օգտագործել իր տարածքը Թեհրանին սպառնալու համար։ Իր հերթին Աբդոլահիանն ասել է, որ Իրանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև երկխոսության շարունակման, Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման օգտին, սակայն դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։