2021-ից փաստերով ասում էի՝ ՊՆ նախարարը գլխակորույս հերքում էր, թաքցնում էր ներխուժումները․ ասելու բան չկա՞․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1949):

Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:

Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության ենթակա են:

Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները: Այնքան ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1971)

Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի: Այդքանից հետո էլ համարձակվում էր զանել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ անում:

Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա:

Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ է կրելու:

Ասելու բան չկա՞»,- ընդգծել է Թաթոյանը: