Արգելափակել դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի սկսել կոնկրետ գործողություններ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով արգելափակել ԱՄՆ պետքարտուղարությունում նախագահական այն նշանակումները, որոնք կարիք ունեն Սենատի վավերացման։ Կոչն ուղղվել է ելնելով այն հանգամանքից, որ նախագահ Բայդենը վճռական քայլեր չի ձեռնարկում Արցախի 120․000 բնակչության նկատմամբ ադրբեջանական շրջափակումը վերացնելու ուղղությամբ։

Սույն նախաձեռնության համար համայնքային օժանդակություն ապահովելու նպատակով՝  Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ, որը հանձնախմբի հատուկ էլեկտրոնային հարթակների միջոցով թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հատուկ դիմումներ ուղարկել իրենց նահանգներից ընտրված սենատորներին։

Հայ դատի հանձնախումբը խնդրում է Սենատում արգելափակել ԱՄՆ դիվանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝

Առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն և Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղված մեխանիզմների ներդրում։

Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան նոր կամ ընթացիկ ռազմական և անվտանգային նշանակության օժանդակության դադարեցում և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի ամբողջական կիրարկում։

Ամերիկյան հրատապ մարդասիրական օգնության տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաև օդային միջանցքի միջոցով։

Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ