ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանող–ֆուտբոլիստներին: Այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Օգոստոսի 28–ին ձերբակալված երեք երիտասարդներին մեր կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են օգոստոսի 30-ին և 31-ին»,– ասել է Ամատունին՝ հավելելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։

Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշն անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։