Իրանի արտգործնախարարն ու Սիրիայի նախագահը քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ, հայտնում է SANA-ն։

Ասադն ու Աբդոլլահյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի հետ կապված ջանքերը: Բարձրացվել է նաեւ սիրիական տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը, որն անհրաժեշտ պայման է Դամասկոսի եւ Անկարայի միջեւ բնականոն հարաբերությունները վերադարձնելու համար։ Իրանի և արաբական երկրների միջև առողջ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը, եզրափակել է նա։

Իրանի արտգործնախարարն, իր հերթին, անհրաժեշտ է համարում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Աբդոլլահյանն ասել է, որ Սիրիայի կառավարությունը, ազգն ու բանակը հաղթանակած դուրս են եկել իրենց դեմ համաշխարհային ահաբեկչական պատերազմից, և այժմ Սիրիան ավելի լավ վիճակում է։

«Եվ մենք ուրախ ենք, որ այսօր տարածաշրջանը և աշխարհը գիտակցում են Սիրիայի իրական հզորությունը»,- հավելել է Ամիր Աբդոլլահյանը:

Նա նշել է, որ Սիրիայի թշնամիները շարունակում են իրենց քաղաքական նպատակները հետապնդել այս երկրի հետ հարաբերություններում՝ պատժամիջոցների և Սիրիայի կառավարության և ժողովրդի վրա տնտեսական ճնշումների միջոցով։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ քանի որ Իրանը հակաահաբեկչական արշավի դժվարին պահերին կողք կողքի կանգնեց Սիրիայի հետ, նոր ժամանակաշրջանում էլ կշարունակի նույն մոտեցումը։