Նոր սերունդն ամուր է կանգնելու իր հայրենի հողի վրա, ինչպես նախորդ սերունդները․ Արցախի ԿԳՄՍ նախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ․

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

Այս ուսումնական տարին մեկնարկում ենք չափազանց դժվար` Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման իրավիճակում, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ այսօր զրկված են կրթության իրավունքն իրացնելու տարրական պայմաններից։ Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները , սակայն, չպետք է ստիպեն մեզ նահանջել ու հուսահատվել։ Ընդհակառակը, առավել մեծ նախանձախնդրությամբ ու հաստատակամությամբ պետք է տրվել գիտելիքի ու հմտությունների յուրացմանը, քանզի ժամանակակից աշխարհում արժանապատիվ ապրում են այն ազգերն ու պետությունները, որոնք գնահատում են որակյալ կրթությունն ու գիտելիքը։

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջինցիներին։ Նրանք խիստ անսովոր պայմաններում են սկսում իրենց ճամփորդությունը դեպի գիտելիքի անհուն ու զարմանահրաշ աշխարհ։ Թող ընթացքը լինի անխոչընդոտ։

Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է դրվագներով, երբ ամենաօրհասական ու ծանր պահերին անգամ սերունդ կրթելու և դաստիարակելու սուրբ գործն իրականացվել է ամենայն պատասխանատվությամբ։

Սիրելի’ մանկավարժներ, այսօր էլ մեր ազգի ու հայրենիքի ապագան ձեր ձեռքերում է։ Դուք եք աճեցնում այն սերունդը, որը լինելու է բանիմաց, պրպտող, դժվարություններից չերկնչող, երազող ու պայքարող և որը ամուր է կանգնելու իր հայրենի հողի վրա, ինչպես նախորդ սերունդները։

Մենք հավատում ենք գիտության ուժին, գիտելիքի լույսին , դրանք սերմանողներին ու տարածողներին։ Թող այս ուսումնական տարին, ի հեճուկս բոլոր դժվարություններին, առավել մեծ ձեռքբերումներ ու արդյունքներ գրանցի։

Շնորհավոր Գիտելիքի օր»: