Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը: Այն գործելու է շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն են տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը եւ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը:

«Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման ծրագիրը նախաձեռնվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խմբի կողմից և իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

Առաջին ճաշարանը բացվել էր օգոստոսի 15-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ: Օրական այնտեղ սնվում է 300-350 մարդ, հիմնականում՝ անչափահասներ և տարեցներ: Բացի այդ, կամավորները պատրաստված ուտելիքն ամեն օր հասցնում են 70-ից ավելի տարեցների և հաշմանդամների:

Ինչպես առաջին ճաշարանի, այնպես էլ երկրորդի պարագայում հանրային սննդի ծառայության գնման պայմանագիր է կնքվել մասնագիտացված մասնավոր ընկերության հետ:

«Առաջին ճաշարանը երկու շաբաթից ավելի է գործում և, ցավոք, տեսնում ենք, որ այն մեծ պահանջարկ ունի: Լիակատար շրջափակման պայմաններում մեզ համար դժվար էր բացել երկրորդ ճաշարանը, բայց հասկացանք, որ այս իրավիճակում սա ամենակարևոր ծրագիրն է, ու ամեն ինչ փորձեցինք անել՝ երկրորդ կետը բացելու համար: Կարողացանք գտնել մասնավոր ընկերություններ, որոնք մթերում են իրականացնում նաև գյուղերից: Ցավոք, այս իրավիճակում մենք չենք կարող ասել, թե այս ճաշարաններն ինչքան կգործեն: Թերևս կգործեն այնքան, ինչքան որ կհաջողվի մթերք ստանալ»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Սոցիալական ճաշարանները բացի հիմնական նպատակից՝ շրջափակման հետևանքով բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելուց նաև հոգեբանական նշանակություն ունեն: Դրանց միջոցով ստեղծում է նաև շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել: Եկեղեցիների հարևանությամբ բացելու նպատակն այն է, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաև հոգևորականների հանդիպումները բնակչության հետ: Բացի այդ, երկու եկեղեցիները գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, և քաղաքի մի ծայրից երեխաներն ու տարեցները ստիպված չեն լինի ոտքով հասնել քաղաքի մյուս ծայրը:

Ճաշարանն այցելուներին սպասարկելու է ժամը 13.00-15.00-ի հատվածում: Ծրագրի  շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր անձինք:

2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը: Մինչև 2023թ. հունիսի 15-ը Բերձորի (Լաչինի) միջանցքով հնարավոր էր լինում Ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ քիչ քանակությամբ հումանիտար բեռներ ստանալ: 2023թ. հունիսի 15-ից հետո Ադրբեջանն իսպառ արգելել է բեռնափոխադրումները՝ Արցախը պահելով լիակատար պաշարման մեջ և ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Այս իրավիճակում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը և «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ստիպված են եղել դադարեցնել ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր և նախաձեռնել հրատապ ծրագրեր, որոնք այս ծանր իրավիճակում կօգնեն մեղմել արցախահայության խնդիրները»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: