Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին տրվել են լայն լիազորություններ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը:

«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ նույն հայտարարության մեջ Արցախի նախագահը նշել է, որ վաղը Արցախի ԱԺ-ին կներկայացնի իր հրաժարականը: