ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորի դերը զիջել է. մեր անվտանգության երաշխիքը մնում է մեր բանակը. Դավիթ Իշխանյան

«2020 թվականի պատերազմից հետո դասակարգել ենք մեր առաջնահերթ խնդիրները՝ կարգավիճակ, անվտանգություն, դիվանագիտություն, ժողովրդագրական, սոցիալական վիճակ և այլն։ 44-օրյա պատերազմից հետո անվտանգությունը մեզ համար թիվ մեկն է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նրա խոսքով, նույնիսկ Արցախի կարգավիճակի հարցը զիջել է դիրքերն անվտանգային հարցերին, քանի որ ժողովուրդը ցանկանում է անվտանգության երաշխիք։

«Իսկ մեր անվտանգության երաշխիքները որտե՞ղ էին, ովքե՞ր էին ապահովում. Բնականաբար, Արցախի պաշտպանության բանակը, Հայաստանը, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ ռուս խաղաղապահների առաքելությունը։

Հայաստանի պարագան մի կողմ թողնենք, նա իր անվտանգության երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա՝ զրոյացված է։ Ռուս խաղաղապահներն այստեղ են, և գիտենք, թե ինչ թվակազմ ունեն, նաև այդ առաքելությունն ինչպիսի դերակատարում ունի։ Անշուշտ, մեզ համար, անվտանգության երաշխիքը՝ որպես հիմնական ու կարևոր, մնում է Արցախի պաշտպանության բանակը։ Իսկ բանակի գործունեության հզորացումը անհրաժեշտություն է, նաև բխում է օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնություններից»,- նշեց Դավիթ Իշխանյանը։