Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձոր

Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունն այսօր վաղ առավոտյան Երևանից շարժվեց դեպի Հակարիի կամուրջ։

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գավինը։

«Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից նախաձեռնած օգնության շրջանակում 10 բեռնատարից կազմված շարասյունը այս առավոտ Երևանից շարժվեց դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման», – գրել է նա։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։