Էրդողանի և Պուտինի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում։ Այդ մասին հայտնել են Habertürk հեռուստաալիքի աղբյուրները։

«Այն իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, Ռուսաստան կմեկնի մեր պարոն նախագահը: Հայտնենք ամսաթիվը. նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին այց կկատարի Սոչի»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, հայտարարել էր, որ հանդիպումը շուտով կկայանա, առկա են պայմանավորվածություններ ժամկետները հայտարարելու շուրջ։

Թուրքիայի ղեկավարի վարչակազմում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ։ Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է, որ Թուրքիայի ղեկավարը մոտ ժամանակներս այց կկատարի Սոչի։