ԲՐԻԿՍ-ը նոր անդամների հետ իր մոտեցումները կհամակարգի ՄԱԿ-ում, G20-ում և այլ միջազգային հարթակներում

ԲՐԻԿՍ (BRICS) դաշինքը  նոր անդամների հետ իր մոտեցումները կհամակարգի  ՄԱԿ-ում, G20-ում և այլ միջազգային հարթակներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այս տարի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն անցկացվել է օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում՝ Հարավային Աֆրիկայի նախագահությամբ։ Դրա շրջանակներում կայացել է գլոբալ հարավի պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին տարիների ամենախոշոր հանդիպումը։ Հրավիրվածների թվում էին աֆրիկյան 54 երկրների ղեկավարներ։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են, որ 2024 թվականի հունվարի 1-ից դաշինքին  կմիանան Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Հաջորդ գագաթնաժողովի համար կպատրաստվի կազմակերպության  հնարավոր նոր անդամների ցուցակը։ ԲՐԻԿՍ-ում ՀԱՀ վստահված անձ Անիլ Սուկլալն ավելի վաղ ասել էր, որ մոտ 30 պետություն  շահագրգռված է միանալ կազմակերպությանը, նրանցից մի քանիսը պաշտոնական հայտեր են ներկայացրել։