Իրանը հայտարարել է, որ կարող է իր պաշտպանական տեխնիկան արտահանել այլ երկրներ

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի-Ֆարդը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ և այժմ կարող է իր տեղական արտադրության պաշտպանական սարքավորումները արտահանել այլ երկրներ, հաղորդում է Mehr-ը։

«Այսօր մենք հասել ենք այնպիսի հնարավորությունների, որ  կարող ենք մեր պաշտպանական արտադրանքի մի մասը արտահանել այլ երկրներ, ըստ մեր ցանկության», – լրագրողներին ասել է գեներալ Սաբահի-Ֆարդը:

Նա նշել է, որ Իրանը հակաօդային պաշտպանության առումով գերիշխող տերություն է տարածաշրջանում՝ ընդգծելով, որ երկիրն օժտված է  լավագույն և առավել կատարելագործված պաշտպանական տեխնիկայով։

Սաբահի-Ֆարդը հայտարարել է, որ Իրանը հաջողություններ ունի նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում։

Ըստ նրա,  անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում «մենք մշակել ենք նախաձեռնություններ, որոնց մասին թշնամին ոչինչ չգիտի»։

Իրանցի գեներալը հավելել է, որ հրապարակվել է Իրանի ռազմական հնարավորությունների միայն սահմանափակ մասը, որն արդեն «հարվածել է թշնամուն»։