Եթե Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի, ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի ու նրա գլխավորած կառավարության վրա

Նաև՝ ՄԱԿ- ում Հայաստանի ներկայացուցչի և պատվիրակության…

 

Եթե ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) անտեսի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ օգոստոսի 11-ի դիմումը, և արտահերթ նիստ չհրավիրի, կամ, ինչն ավելի հավանական է, արտահերթ նիստ հրավիրելով, դիմումին համապատասխան ընթացք չտա և Ադրբեջանին չպարտադրի կատարել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների պահանջները (ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար), ապա այդ ամենի ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի, նրա գլխավորած կառավարության, Մհեր Մարգարյանի և ՄԱԿ- ում Հայաստանի պատվիրակության վրա: Ինչո՞ւ…

Բացատրենք. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում երեկ՝ օգոստոսի 12-ին, «Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով» վերտառության ներքո տեղեկացրեց , որ «Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով»:

Նիկոլի իշխանությունը չի դավաճանում ստելու, կեղծելու իր ձեռագրին, և հերթական անգամ կեղծել է: Նախ, Հայաստանը չի դիմել ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ, դիմել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությո՞ւն է… Մարգարյանի դիմումը կարելի էր համարել Հայաստանի կողմից ներկայացված, եթե վերոնշյալ հարցով ՄԱԿ- ի ԱԽ դիմելու համար նրան լիազորելու, հանձնարարելու վերաբերյալ լիներ Հայաստանի կառավարության որոշում, մինչդեռ այդպիսին գոյություն չունի, եթե լիներ, արդեն իսկ պետք է հրապարակված լիներ Հայաստանի կառավարության կայքում : Այդպիսի որոշում հրապարակված չէ, գոյություն չունի:

Մարգարյանի դիմումը կարելի էր համարել Հայաստանի կողմից ներկայացված, եթե վերոնշյալ հարցով ՄԱԿ- ի ԱԽ դիմելու համար նրան լիազորելու, հանձնարարելու վերաբերյալ լիներ Հայաստանի կառավարության որոշում, մինչդեռ այդպիսին գոյություն չունի, եթե լիներ, արդեն իսկ պետք է հրապարակված լիներ Հայաստանի կառավարության կայքում: Այդպիսի որոշում հրապարակված չէ, գոյություն չունի:

Կեղծիքն է նաև այն, թե Հայաստանը դիմել է արտահերթ նիստ գումարելու պահանջով: Չի՛ ներկայացվել այդպիսի պահանջ: ԱԳՆ- ի կողմից հրապարակված, ՄԱԿ- ի ԱԽ- ի նախագահին ուղղված Մհեր Մարգարյանի նամակում «պահանջ», «պահանջել», «պահանջով» կամ «պահանջում» բառ ընդհանրապես գոյություն չունի: «Պահանջում ենք» բառերի փոխարեն գրված է «հայցում ենք»: Այնպես որ, Արարատ Միրզոյանը կամ նրա ենթակայության ներքո գործող համապատասխան պաշտոնյան թող չփորձեն հանրությանը հերոս ներկայանալու մարմաջով Նիկոլից կեղծ «դուխովություն» կապկել, քանի որ ստի, կեղծիքի ճանապարհը կարճ է:

Ստել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը (իհարկե, եթե ԱԳՆ հաղորդագրության վերնագրից բացի, ամբողջությամբ կարդացել է նաև բուն հաղորդագրությունը), որը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահից պահանջվել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ», իսկ եթե Մարուքյանն առանց Մարգարյանի նամակը կարդալու է պահանջի մասին վերը մեջբերվածը գրել, ապա էլ ի՞նչ հատուկ հանձնարարություններով դեսպան…

Ինչպե՞ս չհարցնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին՝ եթե կարող էիք վերոնշյալ հարցով դիմել ՄԱԿ- ի ԱԽ (և հաստատ կարող էիք), ապա ինչո՞ւ Ադրբեջանի կողմից 2023թ. հունիսի 15- ին Բերձորի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակումից, ավելի ճիշտ, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի  Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի որոշման պահանջները չկատարելուց կարճ ժամանակ հետո չեք դիմել… Դիմել եք, որ մի խորամանկ հնարքով կանխե՞ք Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության դեմ հայտարարված ու հնարավոր այն ընդվզումը , որը նախապատրաստվում էր…

«Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023 թվականի հուլիսի 12-ի նամակի՝ Ձեզ եմ դիմում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված ամբողջական շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ»,- նշված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի վերոնշյալ նամակում:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023թ. հուլիսի 12-ի այդ ի՞նչ նամակի մասին է խոսքը… Այդպիսի նամակ իրականում կամ չկա, այսինքն՝ Մարգարյանն էլ է ստել, կամ էլ եթե կա, ապա արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը կամ արտգործնախարարությունն այդքան կարևոր, ողջ հայությանը հուզող ու հետաքրքրող խնդրին առնչվող նամակը որոշել են թաքցնել ու չեն հրապարակել ԱԳՆ կայքում , ինչը պարտավոր են անհապաղ անել, ինչպես նաև նախարարության կայքում այն չհրապարակելու կապակցությամբ համապատասխան բացատրություն տալ հանրությանը:

Վերոնշյալ մեջբերումից՝ «Ձեզ եմ դիմում…» (եզակի թվով, առաջին դեմքով) ակնհայտ է, որ դիմողն անձամբ Մարգարյանն է, բայց նույն պաշտոնյան քիչ հետո ստելով ինչպես ԱԳՆ- ն, գրել է.

«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»:

Կրկնում ենք՝ ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը հայցում, երբ այդ կապակցությամբ կառավարության համապատասխան որոշում չկա:

Նամակում նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին», «Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, և ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար», Մարգարյանը գրել է.

«Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի»:

Այսպիսով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր նամակում ՄԱԿ- ի ԱԽ- ից ընդամենը երկու բան է հայցել. առաջինը՝ «միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները», և երկրորդը՝ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում»: Ուրիշ ոչինչ չի հայցել, խնդրել կամ պահանջել, մինչդեռ Ադրբեջանի կողմից ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների ուղղակի խախտման մասին նշելով, պարտավոր էր ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդից պահանջել ՄԱԿի կանոնադրության  41- րդ և 42- րդ հոդվածների կիրառմամբ ապահովել վերոնշյալ դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների կատարումը, ինչը չի արել:

Նիկոլի գլխավորած կառավարությունը միտումնավոր չի կայացրել ու չի կայացնում այն որոշումը, որով արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողին կամ ՄԱԿ- ում Հայաստանի մշտական ներկայացուցչին կլիազորեր ու կհանձնարարեր ՄԱԿ- ի ԱԽ- ին Հայաստանի անունից ներկայացնել վերոնշյալ պահանջը:

Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ- ի արտահերթ նիստի գումարում է հայցել՝ համաձայն ՄԱԿ- ի կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի, մինչդեռ դրա փոխարեն կամ դրան զուգահեռ, ՄԱԿ ԱԽ- ի արտահերթ նիստի գումարում պետք է հայցեր ՄԱԿ-ի կանոնադրության 94- րդ հոդվածի 2- րդ կետի համաձայն, ըստ որի, եթե գործի մասնակից կողմը (տվյալ դեպքում՝ Ադրբեջանը) թերանում է իրականացնել ՄԱԿ- ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) կարող է դիմել ՄԱԿ- ի ԱԽ:

Եթե Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն տրվի մասնակցելու ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի ակնկալվող նիստին, ապա պատվիրակությունը պարտավոր է ՄԱԿ-ի կանոնադրության 94- րդ հոդվածի 2- րդ կետի ընձեռած հնարավորությամբ ՄԱԿ- ի ԱԽ- ից պահանջել ՄԱԿի կանոնադրության  41- րդ և 42- րդ հոդվածների կիրառմամբ ապահովել վերոնշյալ դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6- ի որոշումների կատարումը, այլապես պետք է դիտվի որպես Արցախի բնակչության հանդեպ Ալիևի ցեղասպանական քաղաքականության ստվերային աջակից:

 

Արթուր Հովհաննիսյան