Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ

Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման սարքավորումներում տեղխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:

«Մեր մասնագետների խումբը անցած գիշերվանից գտնվում է հերթական վթարման վայրում և գործադրում բոլոր ջանքերը կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: Ուստի, հայցելով մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը, հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների վերացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը: