Հունական կղզիներում ամերիկյան նոր ռազմաբազաները խիստ անհանգստացնում են Թուրքիային

ԱՄՆ–ը Հունաստանում և մասնավորապես Էգեյան ծովում շարունակում է նոր ռազմաբազաներ հիմնել, ինչը Թուրքիայում անհանգստությունների լուրջ ալիք է առաջացրել։

Թուրքական Milliyet–ի հետ զրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան  ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք երկրի անվտանգության և պաշտպանության համատեքստում ուշադիր հետևում են Թուրքիայի շուրջ ռազմաբազաների հիմնելու հետ կապված զարգացումներին։ Աղբյուրները նշել են, որ այս պահի  դրությամբ դեռ ռազմաբազա հիմնելու մասին հստակ տեղեկություններ չկան։

Նշվում է, որ հունական Pentapostagma թերթը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի, ԱՄՆ-ը Հունաստանում և Էգեյան ծովի հունական կղզիներում ռազմաբազաները հիմնում է՝ վերահսկելու համար Թուրքիային և ՌԴ-ին, թուլացնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նշանակությունը  և բարձրացնելու Հունաստանի դերը տարածաշրջանում։