ՊԱՇԱՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ…

Պաշարված Արցախում, երբ բոլորս ամեն վայրկյան բախվում ենք անասելի խնդիրների, երբ վաղուց լիովին դատարկ են խանութները, սննդի օբյեկտերն ու դեղատները, չկա առաջին անհրաժեշտության և ոչ մի բան, անգամ ջուրը՝ երբ Աստված մի արասցե մեկը վատանա՝ վազես ջուր վերցնես և կամ դեղատնից բինտ, բամբակ…, ինչ խոսք անգամ անձեռոցիկ չկա, երբ հանկարծ մեկի քիթն արևից արյունահոսի ու առաջարկես, էլ չխոսեմ, սննդից՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, մի խոսքով ոչ մի բան:

Ու 40 աստիճան շոգին ամեն օր բոլորն ինչ որ տեղ են շտապում՝ աշխատանքի, հերթից հերթ և կամ տուն… ահավորը սակայն երեխաների, հղի կանանց, տարեց մարդկանց ուշագնացություններն են մի կողմից անտանելի շոգ մի կողմից սով, մի կողմից պաղպաղակ ու քաղցրավենիք փնտրող երեխաների անմեղ հայացքներ… անորոշություն…

Ու այդ ամենի մեջ բարի մարդիկ: Մարդիկ, ովքեր քաջ գիտակցելով, որ երեխան և կամ հղի կինը հենց այնպես չի կարող ուշագնաց լինել կատարում է ամենակարևոր քայլը:

Հիմա կմտածեք թե ի՞նչ քայլ:

Նախքան դա ասելը, ասեմ, որ նա պատմության ուսուցիչ է՝ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծու միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ՝ Նելսոն Սարգսյանը՝ իմ պատմության ուսուցիչը:

Ում այսօր հրապարակորեն շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ նա սեփական մեղվի փեթակների մեղրը կտրելով բանկաներով առաջինը նվիրաբերել է Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի և Պառավաթումբ համայնքների 0 և 1-ին դասարանների աշակերտներին և նշված համայնքների հղի կանանց:

Այսօր դա լսելով զանգեցի ընկեր Սարգսյանին.

Բարև Ձեզ, ընկեր Սարգսյան, ինչպե՞ս եք, զանգել եմ շնորհակալություն հայտնեմ, ինչ լավ գործ եք արել:

-Բարև, Նանար ջան, ի՞նչ գործ եմ արել:

-Ո՞նց ինչ գործ, շատ մեծ գործ, ձայնը արդեն Ստեփանակերտ է հասել, ուրախությունից հուզվել եմ, որ խոսքն իմ ուսուցչի մասին է:

-Ժպտաց, վայ Նանար ջան… ես ոչ մի բան չեմ արել ընդամենը մեր դպրոցի աշակերտներին և մեր համայնքների հղի կանանց քաղցրավենիքի 10% տոկոսն եմ լրացրել, մեծ բան չէ:

-Շնորհակալություն ընկեր Սարգսյան, հիմա, երբ վաղուց էլ աշակերտ չեմ, միևնույն է Դուք շարունակում եք սովորեցնել ու օրինակ ծառայել թե ինչպես է լինում իսկական ՈՒՍՈՒՑԻՉԸ:

Հավատացեք, պատմության Ձեր դասերից ամենակարևորը, որ ընդմիշտ հիշելու եմ, և ինչու՞ չէ հետագա իմ գրքերում ներառելու, հենց այսօրվանը եղավ, որն էլ սերնդեսերունդ փոխանցվելու է հայոց պատմության «Պաշարված Արցախ» ամենածանր թեմայի էջերում:

Հավերժ Ձեր աշակերտուհի՝ Նանար:

Հ.Գ. Մարդ էլ այս աստիճան համեստ լինի, մի քանի 10-յակ բանկաներով իր աշակերտներին ու 2 գյուղի հղի կանանց մաքուր մեղր բաժանի ու ասի ես բան չեմ արել:

Ոնց եմ հպարտանում նման մարդկանցով:

Ու երբ ինձ ասում եք ու՞մ ես տենց սրտաբաց ու մարդասեր եկել, ու՞մ պիտի գամ ամենակարևոր դաստիարակներիս՝ ծնողներիս և ուսուցիչներիս:

Նանար Պողոսյան

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ