Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցո՞ւմ է, հապա ինչու է լվանում նրա ձեռքերը

Օգոստոսի 6-ին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված «բացառիկ» հարցազրույցում (բացառիկ բառը չակերտներում եմ վերցնում, քանի որ չնայած իր խոստմանը՝ հարցազրույցում որևէ բացառիկ միտք չհնչեց, Արցախում ստեղծված իրավիճակի լուծման որևէ բանալի չտրվեց, ծեծված մտքեր էին ու անգիր արած նախադասություններ), անդրադառնալով 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառներին, Արցախի Հանրապետության նախագահը նետերն ուղղեց Թուրքիայի՝ որպես Ադրբեջանի կողմից անմիջական մասնակցի և Ադրբեջանին այդ պատերազմում տեխնիկապես ու զենք-զինամթերքով աջակցած այլ պետությունների ուղղությամբ՝ չտալով դրանց անունները։ Եվ որևէ խոսք ՀՀ իշխանությունը զավթած փաշինյանականների դերակատարման մասին, որոնց՝ Ալիևի հետ ուղղակի համագործակցության և նրանց կողմից Արցախը պարզապես Ադրբեջանին վաճառելու մասին բազմաթիվ վկայություններ կան ինչպես պատերազմի մասնակից բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների, այնպես էլ հասարակական, ռազմական, քաղաքական գործիչների, լրագրողների կողմից։ Մասնավորապես՝ անմիջապես պատերազմից հետո լրագրող Նաիրի Հոխիկյանը հանրությանն իրազեկեց, թե ինչպես մի միջոցառման ժամանակ իմացել է, որ պատերազմի ելքը կանխավ պամանավորված են եղել Փաշինյանն ու Ալիևը, որ հինգ հազար զոհերին քավության նոխազ դարձնելու սցենարն է անգամ այդ ծրագրով նախատեսված եղել։ Ալիևն ինքն էլ մի առիթով խոստովանել է, որ 2018 թվականի հայաստանյան հեղաշրջման գործում ուղղակի մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանը՝ նպաստելով, որպեսզի իշխանության գա հենց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչո՞ւ պետք է Ալիևը շահագրգռված լիներ, որ Հայաստանում իշխանություն փոխվեր ու Սերժ Սարգսյանը փոխարինվեր հենց Փաշինյանով, եթե մասնավորապես պատերազմի ելքի հետ կապված ինչ-ինչ երաշխիքներ ստացած չլիներ։ Ի դեպ, չմոռանանք նաև, երբ 44-օրյայից հետո գլխավոր շտաբը իշխանափոխության ակնարկով հայտարարություն տարածեց, անմիջապես արձագանքնեցին Թուրքիան և Ադրբեջանը՝ հայտնելով, թե թույլ չեն տա, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում լինի։ Դե իհարկե, վախը նրանց սիրտն էր ընկել, որ հանկարծ կարող են այստեղ զրկվել իրենց կամակատարից, այնինչ նա իր առաքելությունը դեռ պետք է ավարտին հասցնի։

Արայիկ Հարությունյանը քաջ ծանոթ է այդ փաստերի հետ։ Արայիկ Հարությունյանը նաև լավ լսողություն ունի և չի կարող պատահել, որ նրա լսողությունից վրիպած լինի Նիկոլ Փաշինյանի պնդում-հայտարարություններից գոնե մեկնումեկը, որում նա համոզմունք է հայտնում՝ Արցախը հայկական չի ու երբևէ չի եղել այդպիսին, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում և պատմական արդարությունը վերականգնելու համար նա ըստ էության չէր կարող պատերազմի համար այլ ելք կանխորոշել, քան այդ երկիրը Ադրբեջանին «վերադարձնելը»։ Սա Փաշինյանի համոզմունքն է, հետևաբար ինչպե՞ս կարող էր «արդարության երդվյալ զավակը» հանդուրժել հայ «օկուպանտների» կողմից ադրբեջանական տարածքի գրավումն ու այնտեղ բնակվելու փաստը։ Մի առիթով նա արդեն մեզ հասկացրել էր, որ ուրիշինը մեզ հարկավոր չէ ու լծվել դրանում մեզ համոզելու նվիրական գործին, արդյունքում մեծահոգաբար իր համոզմամբ այդ ուրիշինը պարզապես նետեց նրանց երեսին, թե եկեք ու վերցրեք, մեզ ձերը պետք չէ։ Այսինքն՝ հնարավոր չէ, որ Արցախի Հանրապետության նախագահը չիմանար, որ 44-օրյայում Նիկոլ Փաշինյանն իր լուման ունի և առաջին հերթին հենց նրա մեղավորությամբ է, որ Արցախն իր 140 հազար բնակիչներով գտնվում է շրջափակման մեջ՝ պատանդի կարգավիճակում, ինչի հետևանքով քրոնիկական հիվանդներ են մահանում դեղորայքի պակասից, մարդիկ սովից ուշագնաց են լինում, երկրի տնտեսությունը քայքայված վիճակում է, գործազրկությունը սարսափելի չափերի է հասնում։ Ինչի մասին իր հարցազրույցում այնքան սրտաճմլիկ պատմում էր այդ պաշտոնյան։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա կոծկեց ՀՀ իշխանությունների մեղքը Արցախի հանձնման գործում, ինչո՞ւ լվաց նրանց ձեռքերը, արդյո՞ք հիմա էլ Արցախի իշխանությունները կամ գոնե նախագահը հանցակից է ՀՀ կառավարության ղեկավարի հետ և գործում է նրա հրահանգներով, ինչպես պատերազմի ժամանակ էր։ Մինչև Արցախը հանձնելը և Արցախի կարգավիճակի հետ կապված իր համոզմունքը բացեիբաց հայտնելը Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացականչում էր, թե Արցախը Հայաստան է ու վերջ՝  դրանով փափուկ բարձ դնելով հայ ժողովրդի գլխի տակ և թմրեցնելով բոլորի զգոնությունը։ Արդյո՞ք հիմա էլ Արայիկ Հարությունյանի հակադրվելը Փաշինյանի պնդումներին ձևական չէ և արցախցիների զգոնությունը թմրեցնելու նպատակ չի հետապնդում։ Եվ ամենապատասխանատու պահին այսօր Արցախի ինքնորոշման մասին խոսող Արայիկ Հարությունյանը հանկարծ փաշինյանական քայլ չի անի և արցախցիներին չի գցի վարչապետի ծուղակի մեջ։

Այսպիսին են ներկաները, որոնք իշխանության եկան նախկինների սխալները ժողովրդի աչքը մտցնելու միջոցով և նոր Հայաստան կառուցելու խոստումներով։ Բայց իրենց քայլերով ոչ թե նոր  Հայաստան են կառուցում, այլ Հայաստանի Հանրապետությունը և ընդհանրապես մեր հայրենիքը վերացնելու հստակ ծրագիր են իրականացնում՝ սկսելով Արցախ աշխարհից, որը նախկինների համար Հայաստանի Հանրապետության անառիկ ամրոց էր համարվում։ Նախկինները քաջ գիտակցում էին, որ Արցախը ոսոխին տալով՝ բացելու են նաև Հայաստանի Հանրապետության դարպասները, որովհետև նրանք Արցախը դիտարկում էին որպես մեր պատմական հայրենիք, որպես Հայաստան աշխարհի կարևոր, գողտրիկ հատված։ Իզուր չէր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև վերջերս պնդում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև իր վերլուծական մտքով, փորձով, պատմության իմացությամբ շատ լավ էր գիտակցում և գիտակցում է, որ Արցախը միայն սկիզբն է, և Արցախը տալով՝ հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչպես մեզ հիմարի տեղ դնելով՝ հավատացնում է խաբեությամբ և ոսոխի անմիջական մասնակցությամբ ՀՀ իշխանությունը զավթած քայլիստ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի օրոք Արցախի Հանրապետության ղեկավարությունը սերտ համագործակցում էր ՀՀ իշխանությունների հետ, քանի որ երկու հայկական հանրապետությունների ղեկավարների տեսլականը Արցախի ապագայի հետ կապված նույնն էր ու անշեղ։ Բանակցային սեղանին Սերժ Սարգսյանը Արցախի ղեկավարության և Արցախի ժողովրդի կամքն էր փորձում իրացնել՝ ինքնորոշման իրավունքի հնարավորության հասնելու ձգտումով։ Իսկ այսօր Արցախի ղեկավարը հարթակներից խոսում է ինքնորոշման իրավունքի հնարավորության մասին, միջազգային կառույցներին, ՄԱԿ երկրներին հորդորում հաշվի նստել արցախցիների ցանկության հետ, բայց տպավորություն է, որ արցախցիների թիկունքում Փաշինյանի հրահանգներն է կյանքի կոչում։ Կամ Արայիկ Հարությունյանը գտնվում է Փաշինյանի կոմպրոմատային ճնշման տակ, կամ նա ևս շահագրգռված է Արցախը հանձնելու գործում՝ փորձելով չքմեղանալ։ Նաև սրանում է նախկին ու ներկա ղեկավարների տարբերությունը, և նորից պետք է այս հրապարակումը նույն խոսքերով ավարտեմ՝ հիմա հասկացա՞նք, թե իրականում 2018 թվականին Սերժ Սարգսյանին մերժելով և Նիկոլ Փաշինյանին բերելով՝ ինչ մերժեցիք և ինչ ընդունեցիք։

Թագուհի Ասլանյան