Ինչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե երկրին նման աղետ պատուհասեր

Թերևս շատերդ կհամաձայնեք, որ պետականության ու պետականամետության մասին խոսելը բավական զգայուն ու նուրբ հարց է, քանի որ քաղաքական գործչից պետական գործիչ դառնալու եզրագիծը բավական նեղ է՝ ու շատ հաճախ պարադոքսալ կերպով այդ ուղիները մերթ տարրալուծվում են, մերթ՝ խաչվում, նայած, թե տվյալ գործիչն ինչ ուղեգիծ է իր համար նախանշում և ինչ արժեքների ու մշակույթի կրող է։

Ինչպես հայտնի է՝ պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է երկու բանի մասին՝ երկրի ու ազգի։ Ավելին, պետականամետ գործիչը միշտ պատվով ու արժանապատվությամբ է խոստովանում, որ ինքը սխալներ է գործել (իսկ սխալներ գործում են բոլորն՝ առանց բացառության) և նա դա ամենևին չի անում կոնկրետ անձնավորության ու իր համար, այլ երկրի ու ազգի։ Նեղ բյուրոկրատիային ծառայող չինովնիկները դատում են անձնական ամբիցիաների, նեղվածության, չարության ու վրեժի ծարավի «մահացու» կատեգորիաներով, իսկ պետականամետները հենվում են մետաֆիզիկական սկզբունքների «անմահության», որոնք հավերժ են տարածության ու ժամանակի մեջ։ Բնավ պաթոսվելու կամ դիֆերամբներ ձոնելու մտադրություն չունենալով՝ փորձենք մի պահ հիպոթետիկ պատկերացնել, թե ինչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե երկրին նման աղետ պատուհասեր։

Նախ և առաջ, գրեթե կասկածից վեր է, որ պետությունը չէր հայտնվի նմանօրինակ քաոտիկ իրականության մեջ, որտեղ օրը ցերեկով պետական սահման ուղղակի գոյություն չունի և ցանկացած պահի կարող ես հայտնվել թշնամու կողմից օկուպացված տարածքում կամ հերթական սահմանային միջադեպի արդյունքում մի քանի տասնյակ զոհեր ունենաս՝ միաժամանակ սուվերեն տարածքի կորուստ։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ 2008-18 թվականներին ՀՀ-ն ոչ միայն տարածաշրջանի կայուն զարգացող ու անվտանգ երրներից էր, այլ միջազգային մի քանի լրջագույն կառույցները ՀՀ-ն 2014-15 թվականներին համարում էին աշխարհի ամենաապահով ու հուսալի երկրներից մեկը։ Հա, դա ես չեմ ասում՝ ձեր սիրած միջազգայիններն են ասում, ում հետ սիլի-բիլի անելով պետականությունը քանդեցիք։

Ըստ էության՝ պետական ու քաղաքական գործիչները, ի թիվս բազմաթիվ տարբերությունների, իրարից զատվում են ամենակարևոր՝ շահերին վերաբերող հարցում։ Միանշանակ է, որ պետական գործիչ դարձած այրն առաջնորդվում է պետության շահերով, մինչդեռ քաղաքական գործիչն ու այդ դերում հայտնվածը շարունակում է հետապնդել իր սեփական-անձնային կամ շայկայի շահերը։ Եթե սա տեղափոխենք ավելի պրակտիկ տիրույթ, ապա Նիկոլ Փաշինյանի պարագայում գործ ունենք հենց այս՝ երկրորդ դեպքի հետ։ Փաստացի նա մազաչափ անգամ չի մոտեցել պետական գործչի նվազագույն չափանիշներին․ Նիկոլն ընդամենը երկրի բարձրագույն պաշտոնն օգտագործում է իր անձնական նեղ կուսակցական շահերը համար։

Եկեք մի պահ հետհայացք գցենք, ու հիշենք, թե ինչ կարգավիճակ ու միջազգային վարկանիշ ունեինք ժամանակին, իսկ հիմա խոսում ենք 19-րդ դարի տրամաբանությամբ՝ փորձելով չոչնչանալ աշխարհի քարտեզի վրայից և սեփական գոյության համար պայքար մղել, այնինչ ընդամենը 6-7 տարի առաջ ոչ մի հայի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնի, որ ինքն իր ընտանիքի հետ չի կարող սեփական հանգիստն անցկացնել, ասենք, Ջերմուկում կամ հյուրերին ոգևորված ուղեկցել Տաթև, քանի որ երկրի անվտանգային համակարգերն աշխատում էին ժամացույցի ճշգրտությամբ։

Հիմա ավելի օրհասկանի մասին․ մոտ 250 օր շրջապատված ու ամբողջովին բլոկադայի մեջ գտնվող արցախցու համար այսօր բնավ հետաքրքիր չեն աշխարհաքաղաքական ինտրիգներն ու տարբեր կուլիսային պայմանավորվածությունները, նա այսօր մի նպատակ ունի՝ փրկել հող հայրենին, թեկուզ սեփական անձնազոհության գնով, բայց մնալ հայրենի հողի ու պապերի գերեզմանին կիպ։

Արցախի թեման թիվ մեկ շահարկման առարկա դարձրած նիկոլը, իշխանության բռնազվաթման օրերին խոսում էր, թե «սիրում է արցախցիներին, խոնարհվում նրանց առաջ», շեշտում, թե «Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի», իսկ երբ խորհրդարանում նրա ճակատին ասում էին, թե նա չի կարող երկրի գերագույն գլխավոր հրամանատար դառնալ, հերթական պոռոտախոսությամբ հակադարձում էր՝ «թալանի ու կոռուպցիայի» հայտնի լոլոն տիրաժավորելով։ Այսօր արդեն նա անգամ «Արցախ» չի ասում, քանի որ ուղղակի այդ թեման չկա նրա «ռասկլադում»։ Այնինչ ոչ վաղ անցյալում Արցախում տոնախմբությունների պակաս չունեինք՝ սկսած գինու փառատոնից, վերջացրած ժենգյալով հացի կոլորիտային միջոցառումը։

Նախագահ Սարգսյանի անձի վերաբերյալ փաշինյանական կեղծիքի ու նողկալի միֆերի շարքը մի քանի տասնյակի է հասնում, որոնք տարիներ շարունակ եփվել են «հժ-ական» խոհանցում, ու որպես աղանդեր մատուցվել հանրությանը, սակայն մի բան աներկբա է, որ Սարգսյանը ծառայել ու ներկայումս էլ շարունակում է ծառայել սեփական հայրենիքին ու իր գործին։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից