Իրանի և ՀՀ ազգային անվտանգության խորհուրդների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

ԱԽ գրասենյակի տեղեկացմամբ, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:

Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ:

Սույն հեռախոսազրույցի մասին հաղորդել է նաև իրանական Tasnim գործակալությունը։

«Երկուշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն տարբերակներն են երկրների միջև հակամարտությունները դադարեցնելու համար։

Նա ընդգծել է, որ Իրանը լիովին աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Հայաստանի և Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև փոխադարձ հարցեր, հատկապես տնտեսական կապերի ընդլայնումը, տարածաշրջանի վերջին զարգացումները»,- հայտնում է Tasnim-ը։