Ռուսաստանը մտադիր է մեծացնել հացահատիկի, պարարտանյութերի, հումքի մատակարարումները բարեկամ երկրներ

Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է արտահանման մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցման մեխանիզմ կիրառել՝ բարեկամ երկրներ ապրանքների մատակարարումն ավելացնելու համար, կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Բարեկամ երկրներ հացահատիկի, պարարտանյութերի, հումքի մատակարարումների աճը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է սակագնային արտոնությունների հատուկ ճկուն գործիքակազմ  ներդնել։ Խոսքը մինչև վեց ամսով արտահանման մաքսատուրքերի նվազեցման հնարավորության և որոշակի ծավալով ապրանքների արտահանման համար ժամանակավոր, ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, մաքսային ցածր կամ զրոյական դրույքաչափերի սահմանման մասին է»,- ասել է վարչապետը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, չնայած պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանը շարունակում է համակարգված կերպով ընդլայնել առևտրատնտեսական կապերը բոլոր այն պետությունների հետ, որոնք հավատարիմ են հավասար և փոխշահավետ գործընկերությանը։