Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում դիրքորոշման փոփոխություն չկա. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում նշել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության ծավալման հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին: