Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլ կազմակերպություններ արցախահայերի հարցով դիմել են ՄԱԿ-ի ղեկավարի հատուկ խորհրդականին

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ Այս մասին հայտնել է թանգարան-ինստիտուտը։

«▪ Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։ Մասնավորապես, զեկույցը մանրամասն վերլուծում է Ադրբեջանի և իր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային և լուրջ խախտումները՝ հիմնված էթնիկ ծագման վրա։ Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։ Ցեղասպանության հանցագործությունը, ի թիվս այլնի, իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ ֆիզիկական ոչնչացմանը։

▪ Զեկույցում ներկայացված են փաստեր առ այն, որ Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը Արցախի էթնիկ հայերի` որպես այդպիսին, ոչնչացումն է, որը բազմիցս ուղղակիորեն արտահայտվել է ադրբեջանական ամենաբարձր քաղաքական մակարդակում։ Ցեղասպանության հանցագործությունը Արցախում իրականացվում է hայերի նկատմամբ էթնիկ խտրականության՝ արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում։

▪ Ըստ այդմ՝ Հատուկ խորհրդականին խնդրել ենք դիտարկել իր մանդատի ներքո առկա վաղ նախազգուշացման մեխանիզմի գործարկման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և նրա միջոցով Անվտանգության խորհրդի ուշադրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։