Նիկոլի թեթև ձեռքով արցախյան երեք հերոսամարտերի մասնակիցներն ու հերոսները ռազմական հանցագործներ են ճանաչվում

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանցիների կողմից և այնուհետև նրան որպես քրեական հանցագործի դատելը բնութագրում է Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը՝ քպ-ի կառավարման ներքո մեզանից ոչ ոք անվտանգ ու պաշտպանված չէ և ամեն վայրկյան կարող է ենթարկվել արտաքին կամ ներքին թշնամու դատուդատաստանին որպես վտանգավոր քրեական հանցագործ ու մարդասպան։ Առավելևս Արցախյան ազատամարտի մասնակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախի Հանրապետությունում՝ անկախ պատերազմի ժամանակ իրենց տարիքից ու անկախ ստանձնած պաշտոններից, անսպասելի կարող են հայտնվել ադրբեջանցի դիվերսանտների ձեռքում, նրանց հանգիստ՝ Կարմիր խաչի աշխատակիցների քթի տակից կարող են առևանգել, անարգել ու տանել անհայտ ուղղությամբ, և հետո իմացվի, որ նրանց դատել են քրեական հանցագործության հոդվածով։ Իսկ այդ առևանգված հայերի հանցանքն այն է եղել, որ արցախյան պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց հողը թշնամուց և ազատագրել այն։ Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ևս ներառված են Ադրբեջանի՝ արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների նկատմամբ հանցանքներ գործած մարդկանց ցուցակում, և դա արվել է հենց Փաշինյան Նիկոլի օրոք ու չի բացառվում, որ նրա հորդորով ու առաջարկով։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ այդ մադկանց հնարավոր չլինի պաշտպանել ադրբեջանական ոտնձգություններից, քանի որ իր հայտարարություններով ու քայլերով ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձն աշխարհին ի լուր հայտարարել է, որ ժամանակին Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերը, զավթել ու անօրինականորեն շահագործել է, ինչի համար էլ պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի։ Այդպիսով նա ազատ ա արձակել ադրբեջանցիների ձեռքերը և կանաչ լույս վառել նրանց հանցագործությունների համար։ Արդյո՞ք այլ կերպ կարելի է մեկնաբանել Փաշինյանի՝ «Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում ու ադրբեջանական տարածք» պնդումը։

Արցախյան ինքնապաշտպանական հերոսամարտի մասնակիցների ու հերոսների ազատազրկման ու պատժի հարցը լուծելուց հետո նրանց ռազմական հանցագործների կարգավիճակ տալով Բաքուն անցնելու է Փաշինյանի հայտարարության հաջորդ հետևանքը կյանքի կոչելուն՝ միջազգային գործընթաց է սկսելու Հայաստանն ագրեսոր երկիր ճանաչելու համար և միջազգային իրավական կառույցների ճնշմամբ հսկայական փոխհատուցումներ է պահանջելու Հայաստանի Հանրապետությունից, որը, ինչպես աշխարհին հավատացնում-համոզում է ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձը, գրեթե 30 տարի զավթել ու շահագործել է «ադրբեջանական պատմական տարածքը», իբրև ավերել, ձևախեղել «տեղաբնակների» պատմական հուշարձանները։ «Ռազմական հանցագործ» պիտակին արժանանալու են նաև Եռաբլուրում թաղված բոլոր հերոսները, նահատակները առանց բացառության՝ Վազգեն Սարգսյանից, Կոմանդոսից սկսած։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զարգացում է այդուհետ ստանալու փաշինյանական իշխանության՝ մեր հերոսներին արժեզրկելու ու պատվազրկելու վտանգավոր գործընթացը։ Նախկինի արժեքների նկատմամբ օրվա իշխանությունների ատելությունն ու ցասումը այնպիսի աստիճանի է հասնում, որ քպ կոչվող խմբակը պատրաստակամ է այդ ամենը ոչնչացնել, հանձնել, նվիրել պատմական թշնամուն, երկրում քարը քարի վրա չթողնել։ Իսկ ո՞րն է նրանց զրոյական կետը, որի բարձրությունից էլ 2018 թվականին ստով, կեղծիքով իշխանության եկածը «լուծեց» արցախյան խնդիրը ալիևյան սցենարով ու այդ լուծումը տարածեց նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Այսօր առավել քան երբևէ պարզ է, որ զրոյական կետը զրոն է՝ ոչինչը Հայաստանի երկու հանրապետությունների և հայ ժողովրդի համար։ Ի՞նչ ունենք այսօր մենք փաշինյանական իշխանության հրամցմամբ՝ հանձնվելու վտանգի առաջ հայտնված, օկուպացված, շրջափակված ու սովամահ լինող Արցախ, Հայաստանի տարածքներից հոժարակամ հրաժարում, ՀՀ օկուպացված տարածքներ ու հանձնված ռազմավարական կարևոր դիրքեր, հուսահատված ժողովուրդ, ռազմական հանցագործի կարգավիճակ ստացած հերոսներ․․․

Հիշատակենք, թե ինչ ժառանգություն էր ստացել Փաշինյան Նիկոլը իր հակահայ խմբակի հետ նախկին իշխանություններից՝ ազատագրված, զարգացող տնտեսություն ունեցող, ինչ-որ տեղ ինքնաբավ Արցախ, որի անկախութան ճանաչումը Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշմամբ գրեթե պարտադրվել էր Ալիևին, Ալիևի հանձնվելը գուցե ժամանակի հարց էր, Հայաստանի Հանրապետության անվտանգ սահմաներ, որոնք վերահսկվում էին հայ սահմանապահների կողմից, և սահմանամերձ գյուղերում գյուղացին կարող էր առանց վախենալու գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակիցների հերոսացում և հայրենասիրության ֆետիշացում։ Ո՞ւմ մտքով էր անցնում այն ժամանակ կասկածի տակ դնել արցախյան հերոսների սխրանքներն ու ներդրումը հաղթանակի գործում, իսկ եթե անցնում էր (այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների մտքով անցել է միանշանակ), ապա այդ մասին բարձրաձայնելու ռիսկ չէր անի որևէ մեկը, քանի որ կարժանանար առաջին հերթին հասարակության պարսավանքին, քանի որ նախկինների ժամանակ հասարակությունը այլ արժեքներով էր սնվում։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն էլ հերոսամարտի ակտիվ մասնակից էր ու միջից գիտեր, թե ինչ ոգի էր ներդրվել Արցախն ազատագրելու համար։ Նա Արցախն ազատագրած հերոսամարտիկներից է և նրա օրոք չէր կարող արժեզրկվել դա։ 

Թագուհի Ասլանյան