Ջալալ Հարությունյանն անձամբ էր խնդրել ինձ, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում

Ո՞ւմ ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում այս հարցն ուղղեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»,- ասաց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելացրեց, որ Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրամանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։

«Խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացավ քովիդով ու առողջանալուց հետո շարունակեց իր գործունեությունը ՀՀ ՊՆ–ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– ասաց Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։

Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։