Կանխվել է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակման փորձը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական երեք անօդաչու այս գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա, երկուսին խոցել է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղում օպերատիվ ծառայություններն են աշխատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ը։

«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտներին ուղղված կիևյան ռեժիմի ահաբեկչության փորձն անօդաչուներով։ Ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում ՀՕՊ միջոցներով»,- հայտնել են ՊՆ-ից։

Գերատեսչությունը նշել է, որ երրորդ անօդաչուն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա սիթիի» ոչ բնակելի շենքերի տարածքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այդ անօդաչուն հասել է Սիթիի այն նույն աշտարակին, որին հասել էր նախորդ անգամ։

«21-րդ հարկում վնասվել է շենքի ճակատը։ 150 քմ–ի չափով ապակիներ են կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», – տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։

Տեստովսկայա փողոցի (որտեղ գիշերն ընկել էր ուկրաինական անօդաչուն) երթևեկությունը դադարեցված չէ։ Կիրակի նմանատիպ միջադեպից հետո երթևեկությունը մի քանի ժամով սահմանափակվել էր։