Արցախի մասին Փաշինյանն ու Ալիևը նույնն են ասում, և՛ ծաղրանքն է նույնը, և՛ սպառնալիքը, քանզի նույնն է երկուսի նպատակը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով զարհուրելի  ատելություն ունի արցախցիների հանդեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից  բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ։ Իր վերջին ասուլիսում նա հերթական անգամ  մաղձ թափեց արցախցիների հասցեին. նման սանձարձակ ոճով` Նիկոլից բացի, մեկ էլ արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Փաշինյանը միշտ է այս պառակտիչ թեզը օգտագործել, փորձել սեպ խրել հայության երկու հատվածների միջև` ջուր լցնելով թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի ջրաղացին։ Տարիներ շարունակ նրա հոդվածները, հրապարակային ելույթները համեմված էին հակաարցախյան ձևակերպումներով, վիրավորական արտահայտություններով, քամահրանքով` առ Արցախն ու արցախյան ազատամարտը, մեր հերոսները: Իրականում նա խոսքն ընդդիմադիրի քննադատական խոսք չէր,  ատելության չափաբաժինն այնքան մեծ էր, որ միշտ եղել եմ այն համոզման,  որ Նիկոլի բերանով խոսում են  հայի թշնամիները։ Տարիների հեռվից վերհիշելով Փաշինյանի  հոդվածները, վերստին համոզվում եմ՝ պատվեր էր կատարարում, իսկ պատվերի թիրախում Արցախն էր ու արցախցին, Հայաստանի ու Արցախի միջև հակադրություն սերմանելը։

25 տարի շարունակ Նիկոլն անդադար քարոզեց  «ղարաբաղցի-հայաստանցի»՝ ազգը բաժանող թեզը, այն տարածելով իր դեղին մամուլի էջերով: «Օրագիր», հետո «Հայկական ժամանակ» թերթերը (գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան,  հիմնադիր, հրատարակիչ` Աննա Հակոբյան), հայտնի էին որպես հերյուրանքներ, զրպարտություն տարածող թերթեր: Ամուսինները  տասնամյակներով սուտ ու կեղծիք էին տարածում արցախյան արմատներ ունեցող ՀՀ ղեկավարների,  պաշտոնյաների, հերոսների, գեներալների  նկատմամբ:  Նիկոլի հոդվածներում ամենից շատ կրկնվողը՝  «հայաստանցի-ղարաբաղցի», «ղարաբաղյան կլան» քարոզչական  թեզերն էին։

Ընդդիմադիր լրագրողի, ընդդիմադիր գործչի կերպարի մեջ մտած, նա անխնա քննադատում,  վարկաբեկում էր ՀՀ  2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք արմատներով ղարաբաղցի են, կանգնած են Հայկական բանակի ստեղծման հիմքում, արցախյան առաջին պատերազմի հաղթանակների մասնակիցներ են ու այդ հաղթանակները կերտողներ: Հետևաբար, սլաքը երկու նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ուղղելը, նրանց  թիրախավորելը, սուտ, չափազանցված լուրերով վարկաբեկելը՝ հստած ծրագիր էր։

Ի դեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» ազգակործան թեզը Փաշինյանի կնքահոր` Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի ծնունդն էր։ Դժվար է մոռանալ, թե ինչպես էր ժամանակին Ստեփանակերտում Լևոն Տեր-Պետրոսյանը մի հանդիպումից հետո դահլիճից դուրս գալով ասել․«Լեոնարդին (Լեոնարդ Պետրոսյան) էլ թողնում ենք այստեղ որպես կես հայ-կես ղարաբաղցի…»։ Նրան կողքից ուղղել են, ասելով․ «Նախագահը գուցե նկատի ունի՝ «կես հայաստանցի, կես ղարաբաղցի՞»։ Սակայն Տեր-Պետրոսյանը հեգնանքով նետել էր․«Ես լավ գիտեմ, թե ինչ եմ ասում՝ կես ղարաբաղցի, կես հայ»:
«Քաղցկեղի բջիջ ու զարհուրելի  վտանգ»․ այսպես էր անվանել այդ պառակտիչ թեզը երգահան Դավիթ Ամարյանը դեռ տարիներ առաջ ։

1990-ականների վերջից սկսած Փաշինյանը «Օրագիր» թերթով հանրային  ատելություն և թշնամանք էր գեներացնում և Վազգեն Սարգսյանի, և Սերժ Սարգսյանի, և Ռոբերտ Քոչարյանի դեմ, նաև Երկրապահ կամավորական միության՝ ԵԿՄ-ի դեմ: Վարկաբեկիչ հոդվածներն ընթերցողին  մատուցվում էին զազրելի և անպարկեշտ ծաղրանկարներով: Սրանով նա մարդկանց ուղեղներում հետևողականորեն սերմանում էր ատելություն  զինվորականության, հայկական  բանակի, հաղթանակած գեներալների նկատմամբ: Փորձում ժողովրդին հավատացնել, թե հենց նրանք են խանգարում Հայաստանի զարգացմանը: Ցավով պիտի նշեմ՝ադրբեջանա-թուրքական քարոզը, որն իրականացվում էր Նիկոլի ձեռքով, տարիների մեջ ունեցավ իր սարսափելի ազդեցությունը․․․

Փաշինյանի բոլոր հոդվածներում Արցախի նկատմամբ կար խտացված ատելություն: Այդ կերպ նա մեր ժողովրդի մտածողության մեջ ներդնում էր Արցախից հրաժարման` «Արցախը տանք պրծնենք» զարհուրելի գաղափարը։  Թշնամու ծրագրի քարոզչն ամեն ինչ անում էր, որպեսզի հայ ժողովուրդը երբեք չընկալի ու չընդունի, որ  Հայաստանն ու Արցախը մեր ընդհանուր հայրենիքն են:

2018-ին  դրսի ուժերի ակտիվ ջանքերով իշխանության բերվածը՝ արդեն որպես երկրի վարչապետ գնաց՝ «Արցախը տանք պրծնենք» քարոզչությունը  որպես քոաղաքականություն իրականացնելու ճանապարհով։ Սրա իշխանության գալով հայ հասարակությունը ներծծվեց թշնամանքով․ մեջտեղ բերեցին ժողովրդին պառակտող  բազմաթիվ նոր թեզեր՝«հին ու նոր Հայաստան», որով փորձեց  ջրբաժանել մեր պատմական անցյալն ու  ներկան, նպատակը պարզ է` կտրել մեզ մեր հինգհազարամյա պատմական հիշողությունից, մեր ժառանգությունից, ու կանգնեցնել պատմական անցյալ չունեցող անմշակույթ, անհայրենիք, «մերկ ու տկլոր» ժողովուրդների շարքում: Նրա ազգաբաժան մյուս թեզը հայտնի` «սև-սպիտակ»-ն է, «նախկիններն ու ներկաները»: Սակայն «հայաստանցի-ղարաբաղցի»-ն շարունակում է մնա իր հակահայ քարոզի մեխը, ինչը նա ժամանակ առ ժամանակ նորից դնում է շրջանառության մեջ: Դա արեց և 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, և 2021-ի նախընտրական շրջանում: Եվ անում է հիմա, երբ պիտի ավարտին հասցնի Արցախն ամբողջովին թշնամուն հանձնելու թուրքական ծրագիրը։

Պատերազմից հետո Նիկոլն ու իր տիկինն իրենց ցինիկ, անհիմն հայտարարություններով, ավելի էին վիրավորում ու ցավեցնում արցախցուն, իսկ  նիկոլապաշտ «աղանդավորական» ցանցը հակաարցախյան գրառումներով էր լցնում ողջ համացանցը, պտտելով այն կեղծ հարցադրում, թե․ «ինչո՞ւ արցախյան երկրորդ պատերազմում ոչ մի ղարաբաղցի չի զոհվել»։ Զարհուրելի սուտ… Արցախում չկա տուն, որ զոհ չունենա, մեկի տեղը` մի քանիսը: Ու արցախցու ողբերգության վրա իրենց կեղտոտ քարոզչությունն էին անում մոլագար նիկոլականները`  կասկածի տակ դնելով  արցախցու համար ամենաթանկը՝ իր հողի, իր հայրենի Արցախի համար կռվելը։

Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարելուց հետո Փաշինյանը կրկին շարունակում է պառակտել ու թշնամանք հրահրել, սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջև, շարունակում է ցավեցնել` իր հայրենիքի կորստից տագնապած, թշնամու շրջափակման մեջ հայտնված արցախցուն:

Ու նորից արցախցիների նկատմամբ ատելության,  թշնամանքի մի նոր չափաբաժին թափեց  իր վերջին ասուլիսի ժամանակ: Արցախցիների մասին խոսելիս Նիկոլն անկարող եղավ զսպել իր ատելությունը։ 120 հազար բնակչության վրա մատ թափ տվեց ու ցինիկաբար հայտարարարեց․ «Բա, բյուջեից փող ենք տվել, որ բադրջան աճեցնեիք,  աջափսանդալի բանջարեղեն ցանեիք․․․»։ Ու չի ասում՝ ինչպե՞ս աճեցնեն, երբ թշնամին անդադար կրակում է, երբ արցախցի գյուղացին «բրոնեժիլետով» է դաշտը մշակում, ու հետո ստիպված թշնամու կրակահերթի տակ կիսատ թողնում հանդը վարելը, բերքը հավաքելը։ Նիկոլը սա չգիտի՞, որ մուննաթ է գալիս արցախցու վրա։  120 000 հայ սովի ճիրաններում է, արցախցի երեխները թերսնվելուց հիվանդանում են, իսկ Նիկոլի կինը բանջարեղենով լի զամբյուղի նկարն է ցուցադրում ֆեյսբուքյանի իր էջում, ու գրառում անում, թե բանջարեղենային ինչ ճաշ է պատրաստել։ Ո՞ւմ և ի՞նչ ուզում ասել այս տիկինը․․․

Ամբողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չօգտագործեց Արցախ բառը,  ծաղրեց արցախյան առաջին պատերազմի հերոսներին, թույն թափեց մեր հայրենակիցների վրա, որոնք իր իսկ մեղքով են հայտնվել այսօրվա  ծանրագույն իրավիճակում,  ու հիմա կանգնած են հայրենիքը կորցնելու շեմին, ցեղասպանության վտանգի առաջ:

Լսում ես նրան ու հազարերորդ անգամ համոզվում՝ Արցախի մասին Փաշինյանն ու Ալիևը նույնն են ասում, և ծաղրանքն է նույնը,  և սպառնալիքը,  քանզի նույնն է երկուսի նպատակը՝ արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել Ադրբեջանի կազմում, հայաթափել Արցախն ու ազատվել այդ «բեռից»։ «Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա»,- դառնությամբ ասել էր Արցախի ԱԺ պատգամավորը։

Այս ամենով հանդերձ մեկ բան պիտի իմանանք․ Փաշինյան Նիկոլի ատելությունը միայն Արցախի ու արցախահայության դեմ չէ: Նա ատում է հայ ժողովրդին՝ ատում է գյումրեցիներին, որոնց  զավակներին թողել է Բաքվի բանտերում` անասելի տանջանքների մեջ, ատում է գեղարքունիքցիներին, որոնց հանդերը հանձնել է թշնամուն, իսկ  երեխեքին կաշառում է, որ իր առաջ պար գան` ի ցույց աշխարհի: Ատում է սյունեցիներին, որոնց անառիկ լեռները հանձնեց ու շարունակում է հանձնել թշնամուն։ Հիշո՞ւմ եք, ասում էր՝ հո, Սև լճի համար կռիվ չե՞նք տալու, տարին տասներկու ամիս ձյան տակ է։ Ասաց՝ ու տվեց թուրքին: Իսկ հիմա անպաշտպան են սյունեցիները` դեմ դիմաց կանգնած թշնամու առաջ: Ատում է տավուշցիներին, որոնց հանդերն ու արոտավայրերը, բնակավայրերը` անկլավների անվան տակ, շուտով հանձնելու է թշնամուն։ Ալիևին խոստացել է: Ատում է հայկական սփյուռքին, որի ներուժից տասնամյակներով սարսափել է մեր թշնամին, բայց Նիկոլը կարողացել է ներսից խառնել Սփյուռքը, ու ջրբաժանել Հայաստանն ու Սփյուռքը, մեր  միասնականությունը։

Այն պահին, երբ  հայ ժողովուրդն այս ամենը կգիտակցի՝ սրան հեռացնելը  ընդամենը ժամերի հարց կդառնա։ Իսկ մինչ այդ հարկավոր է չտրվել թշնամու քարոզչի սադրանքներին,  լինել շրջահայաց, տուրք չտալ գերագույն դավաճանի թեզերին, և վերջապես ձևակերպել պայքարի օրակարգ։

 

Արմինե Սիմոնյան