Մինսկը և Թեհրանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել

Բելառուսը և Իրանն ստորագրել են պաշտպանության գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության պլան։

Այդ մասին հայտնել է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Թեհրանում Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքները։

«Հանդիպման արդյունքներով կողմերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Բելառուսի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև ընթացիկ տարվա Երկկողմ ռազմական համագործակցության պլան», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության` հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել «միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները»։

Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարն Իրանում է գտնվում պաշտոնական այցով: